«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հերքում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում թոքաբորբի պատճառով նախօրեին մահացած, ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանից բացի, նույն զորամասում թոքաբորբով այլ հիվանդներ ևս կան: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ընդհանուր առմամբ գրիպի ինֆեկցիայի հետ կապված՝ մեր բնակչության մեջ էլ կա թոքաբորբ: Ոչ թե մի զորամասում է, այլ տարբեր զորամասերում մենք ունենք ինֆեկցիա, ունենք թոքաբորբ: Գրեթե ամենուրեք՝ Հայաստան աշխարհում, գրեթե բոլոր ժողովրդի մեջ էլ կա ինֆեկցիա: Թոքաբորբը կա բոլորիս մոտ էլ՝ գրիպոզ վիճակներից: Բայց որ ակնկալեինք, որ մահ կունենանք, ես չեմ կարող ասել: Ես ինքս տեսել եմ Նարեկ Մարտիրոսյանին. ինքը շատ գիտակից վիճակում ինձ հետ զրուցել է»,- ասաց նա:
Հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ մահացած զինծառայողի զորամասում թոքաբորբով հիվանդ այլ տղաներ էլ կան, Մարգարիտա Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ, ոչ, ոչ: Հոսպիտալում կան մի քանի զինծառայողներ, ոնց որ բուժհաստատություններում հիվանդներ կան, բայց նույն զորամասից չեն մի քանի հոգի: Տարբեր տեղերից հիվանդներ ունենք, բայց նրանք բոլորը մեկ զորամասից չեն: Իրենց առողջական վիճակը լավ է, բայց ունենք մի հիվանդ, որի վիճակը վատ էր, և մեր բժիշկները կարողացան փրկել: Սա գաղտնի ինֆեկցիա է, չի հայտնաբերվում, երեխաները ջերմություն չեն ունենում, բուժծառայության պետերին գանգատ չեն ներկայացնում»,- ասաց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահը:
Ամփոփելով՝ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ «Նարեկը շատ օրինակելի զորամասում էր ծառայում, շատ օրինակելի զինծառայող է եղել, գնացել է ուսումնական կենտրոնից, բաշխումից հետո ընդամենը 2,5 ամիս է եղել զորամասում»:
Նշենք, որ 2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող է մահացել՝ շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նարեկ Մարտիրոսյանը զինվորական հոսպիտալ է ընդունվել 2012 թվականի փետրվարի 16-ին՝ «երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ, էքսուդատիվ պլևրիտ» և անբավարար շնչառություն ախտորոշմամբ:
Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ ըստ «Հայացք» թերթի՝ Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում թոքաբորբով հիվանդացել են միանգամից մի քանի զինվորներ:







































