Ամանորին ընդառաջ խոզի եփած բդերը վաճառվում էին կգ-ը 3500-4000 դրամով։ Այնինչ այս օրերին խոզի եփած բդերը խանութները սպառողներին ներքին կարգով վաճառում են 1000 դրամով` առաջարկելով ուտելուց առաջ ևս մեկ անգամ տապակել։ Խանութները առաջարկը գրավիչ են համարում` հաշվի առնելով հատկապես այն, որ 1000 դրամով այսօր հնարավոր չէ միս գնել։ Ավելին, նկատում են, որ խոզի բուդը հավի բդի գնով են վաճառում, իսկ սպառողները առանց մտածելու գնելու փոխարեն, դեռ «նազուտուզ» են անում։ Ստացվում է, որ սպառողներին դեռ մի բան էլ լավություն են անում` աղբամանում հանգրվանելիք միսը ուղղորդելով նրանց ստամոքսները։ Այնինչ, եթե այդ բդերի վրա անհասանելի գներ չդրվեին` հա’մ սպառողները կշահեին, հա’մ էլ արտադրողները «հետդարձի» խնդիր չէին ունենա։







































