Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, Եմենի մեծությամբ երկրորդ քաղաք Ադենում երեքշաբթի օրը փակվել է ընտրական տեղամասերի կեսից ավելին` անջատողական ուժերի հարձակման պատճառով:
Եմենում երեքշաբթի օրն անց են կացվել վաղաժամ նախագահական ընտրություններ: Նախագահի միակ թեկնածուն երկրի փոխնախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին է:
«Ադենի ընտրատարածքների կեսը փակվել է զինված անձանց մուտք գործելուց հետո, որոնք Եմենի հարավի անջատման կողմնակից են: Ադենը Եմենի հարավային մասի ամենախոշոր քաղաքն է»,- հաղորդում է գործակալությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ երկրի հարավում զինված բախումներ են տեղի ունեցել մի կողմից ոստիկանների և զինվորական ստորաբաժանումների, իսկ մյուս կողմից` գրոհային անջատողականների միջև: Բախման հետևանքով սպանվել էր չորս մարդ: Երկուշաբթի օրն Ադենի երեք ընտրատեղամասերում տեղի էին ունեցել պայթյուններ:
Նոր նախագահն ընտրվելու է երկու տարի ժամկետով, որի ընթացքում ազգային երկխոսության համաժողով պետք է հրավիրվի` երկրում նոր քաղաքական համակարգի հաստատման և նոր սահմանադրության մշակման համար:












































