Նորվեգիացի էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի գլուխգործոց «Ճիչ» նկարներից մեկը, որը գտնվում էր մասնավոր հավաքածուում, կհանվի Sotheby’s «Իմպրեսիոնիստների և մոդեռնիստների» աճուրդին: Այս մասին հաղորդում է RIA-Novostin:
Մունկը ստեղծել է նկարի չորս տարբերակ, որոնք միմյանցից տարբերվում են իրենց տեխնիկայով: «Ճիչ»-ի երկու տարբերակներ պահվում են Մունկի՝ Օսլոյի թանգարանում, երրորդը` Նորվեգիայի Ազգային արվեստի թանգարանում, իսկ չորրորդ տարբերակը գտնվում է նորվեգացի միլիարդատեր Պետեր Օլսենի հավաքածուի մեջ, ում հայրը նկարչի ընկերներից է եղել:
«Ճիչ» կտավը եղել է նաև գողերի կողմից սիրված ստեղծագործություններից մեկը: 1994 թ. նկարը գողացվել են Ազգային պատկերասրահից, բայց շուտով այն վերադարձրել են: 2004 թ զինված հանցագործները նկարը գողացել են Մունկի թանգարանից: 2006 թ նկարը հայտնաբերվել է և վերադարձվել թանգարան:
Իր օրագրում Մունկը գրել է, որ ընկերների հետ զբոսանքի ժամանակ, նայելով կարմրագույն մայրամուտի երկնքին, ինքը ֆիզիկապես զգացել է բնության ճիչ:
Գոյություն ունի նաև տեսակետ, ըստ որի նկարը հոգեկան խանգարման արդյունք է:
Մինչ աճուրդի հանվելը նկարը կցուցադրվի ապրիլի 13-ին Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսում, ապա ապրիլի 27-ին Նյու-Յորքում այն կհանվի նախնական աճուրդի:







































