Տղամարդկանց տեսակ կա, որոնց սեփական բարեմասնությունը խանգարում է կյանքը ճիշտ դասավորել՝ անազատության մեջ մնալու ընդմիջումներն օգտագործում են նոր պատժաչափ վաստակելու համար: Չի բացառվում, որ Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Դավիթ Օսիպյանը հենց այդպիսիների շարքն էլ համալրի: Անչափահասի նկատմամբ նրա անզուսպ ցանկության հետևանքը կլինի այն, որ նա անչափահասին առևանգելու և 2 օր շարունակ բռնաբարելու համար, հավանաբար, մի քանի տարի կանցկացնի կալանավայրում:
Ճակատագրակործան այս երիտասարդը որոշում է մի օր լավ զվարճանալ. պայմանավորվում է Աբովյան քաղաքի բնակիչ, իր ծանոթ, անչափահաս՝ 17-ամյա Մարինեի (անունը փոխված է) հետ և 2010թ. նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում հանդիպում նրան: Պայմանավորվում են ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնել և միասին գնում են Երևան քաղաքի Կորյուն փողոցում գործող «Դուետ» բար-սրճարան: Եվ քանի որ Դավիթի միտքը ծուռ է լինում, տեղավորվում են առանձնասենյակներից մեկում: Որոշ ժամանակ անց Օսիպյանը որոշում է ցանկացած գնով հասնել իր նպատակին` պատվազրկել Մարինեին: Վերջինս դիմադրում է, այդ դիմադրությունը կոտրելու համար Դավիթը սկսում է բռնություն գործադրել աղջկա նկատմամբ. ապտակելով, քաշքշելով և միջկրծքային հատվածի, աջից որովայնի առաջնային մակերեսի քերծվածքների, աջ ազդրի վերին երրորդականի առաջաներսային մակերեսի արյունազեղման ձևերով, նրա առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելով, բռնաբարում է անչափահասին:
Թվում է, թե ամեն ինչ ավարտված է, սակայն Մարինեին դեռ դրա շարունակությունն էր սպասվում: Դավիթը սկսում է հոգեբանական ճնշում գործադրել Մարինեի նկատմամբ. սպառնում է, որ կհրապարակի նրան պատվազրկելու փաստը: Մարինեն տեղի է տալիս, և օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ նույն օրը Դավիթը խաբեությամբ` տուն տանելու պատրվակով, բար-սրճարանից պատահական տաքսի ավտոմեքենայով առևանգում է անչափահասին և տուն տանելու փոխարեն` տանում մայրաքաղաքի ծայրամասում գտնվող «Էրզրում» հյուրանոցային համալիր:
Այստեղ՝ առանձնասենյակներից մեկում, Դավիթը կրկին անգամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, հակառակ նրա կամքին` սեռական հարաբերություն է ունենում նրա հետ:
Սակայն գիշերը միասին անցկացնելուց հետո էլ Դավիթը չի սթափվում. հաջորդ օրը` նոյեմբերի 24-ին, Օսիպյանը կրկին տաքսի է վարձում ու Մարինեին այս անգամ տանում մայրաքաղաքի մեկ այլ ծայրամասային թաղամաս` Նուբարաշենում գտնվող «Զոր Սամ Սաք» ընկերությանը պատկանող հյուրանոց: Այստեղ էլ առանձնասենյակներից մեկում Մարինեն կրկին սեռական բռնության է ենթարկվում:
Կարճ ժամանակ անց ամեն ինչ պարզվում է, և Դավիթ Օսիպյանը կալանավորվում է. նրան մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (անչափահասի առևանգումը) և 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ (անչափահասի բռնաբարությունը) և 5-րդ կետերով (Քրեական օրենսգրքի փոփոխություններով՝ 2011-ի մայիսին ուժը կորցրած է ճանաչվել): Դրանցից առաջին հոդվածը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում, իսկ երկրորդը` 4-10 տարվա: Եթե դատարանը հաստատված համարի Դավիթ Օսիպյանին առաջադրված մեղադրանքը, վերջինս անազատության մեջ կանցկացնի առնվազն 8 տարի:
Համենայնդեպս, այն հանգամանքը, որ Օսիպյանը հատուկ նպատակով, դիտավորությամբ է եկել Մարինեին տեսնելու` փաստում է նրա մոտ եղած մեծ գումարի առկայությունը, այլապես հանցագործությունը շարունակելու հնարավորություն պարզապես չէր լինի:







































