Մաշտոցի պուրակի խնդրից անհետանալու մասին լուրերը, մեղմ ասած, ճիշտ չեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը`խոսելով Մաշտոցի պուրակի «պաշտպան», բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի այն մեկնաբանությունների մասին, թե Լիլիթ Գալստյանն անհետացել է Պուրակի պաշտպանությանն ուղղված պայքարից: Լ. Գալստյանը նշեց, որ իր Facebook-յան պատին գրել է, որ չորս օրով Հայաստանից բացակայելու է, սակայն ակտիվիստների հետ է։
«Ստեփանակերտում էի՝ մասնակցելու Արցախի անկախության 20-ամյակին նվիրված գիտաժողովին։ Այս մասին գիտեին նաև այն ակտիվիստները, որոնց հետ պուրակի կապակցությամբ նախ հանդիպել ենք Երևանի քաղաքապետին, նաև հաջորդ օրը իմ առաջարկությամբ՝ գլխավոր ճարտարապետին։ Իմ օրակարգը ինքս եմ ճշտում՝ ուղղորդվելով սեփական համոզումներով»,- նշեց պատգամավորը` ճնշումների ենթարկվելու մասին կարծիքները պարզապես ծիծաղելի համարելով։
Անդրադառնալով Մաշտոցի պուրակում էլիտար կրպակների տեղադրման խնդրին` ասաց, որ Մաշտոցի պուրակի առնչությամբ քաղաքապետին ուղղված իր բաց նամակը նախորդել է բողոքի ակցիաներին։ «Խնդրի առանցքում իսկապես մեկ շահ է՝ մայրաքաղաք Երևանի շահը, ինչպե՞ս ունենանք քաղաք, ուր պաշտպանված են Երևանի և երևանցիների կենսական շահերը, բնապահպանական ու մշակութային խնդիրները»,- մեկնաբանեց Լ. Գալստյանը:
Նա նաև հավելեց, որ քաղաքապետին ուղղված պաշտոնական նամակի պատասխանը, որով տվյալ հատվածում գործունեության իրավական հիմքերն էր պահանջել, դեռ չի ստացել։ Սակայն անարդյունավետ չհամարեց քաղաքապետի հետ առաջին հանդիպումը, որին մասնակցում էին բնապահպաններ և ակցիայի մասնակիցներ. «Քաղաքապետը խոստացավ քանդել պուրակի տարածքում աղյուսով կատարված նոր կառույցները, նաև շարունակել քննարկումը գլխավոր ճարտարապետի մոտ։ Ինչևէ, քաղաքային իշխանությունները իրավունք չունեն հաշվի չնստել հանրային կարծիքի հետ ու չգտնել կողմերի համար ընդունելի լուծումներ»։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ այսօր արդեն քաղաքապետին է ուղղել խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանի հանրային քննարկում պահանջելու դիմումը: Ելնելով այն իրողությունից, որ աշխատանքներն իրականացվում են Երևանի Գլխավոր հատակագծով հաստատված և ամրագրված կանաչ, հանրային տարածքում` պահանջել են հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաև լսելու շահագրգիռ անձանց և կազմակերպությունների տեսակետը:
Հիշեցնենք, որ այսօր պատգամավորը միացել էր ակտիվիստներին Մաշտոցի պուրակում և սատարում էր նրանց:







































