Բրազիլացի մանեկենուհի Ժիզել Բունդհենը դարձել է մոդելային բիզնեսում ծագումով բրազիլուհի առաջին մանեկենուհին, ում հաջողվել է վաստակել 1 միլիարդ դոլար: 31-ամյա Բունդհենը, որը 7 տարի շարունակ գլխավորում է աշխարհի ամենից շատ բարձրատրվող մոդելների վարկանշային աղյուսակը, այս արդյունքին է հասել իր վաստակածը խելացի տնօրինելու և սեփական ապրանքանիշի ներքնազգեստ, կոշիկ ու հագուստ թողարկելու շնորհիվ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, Gisele Bundchen Brazilian Intimates ապրանքանիշի ներքնազգեստը Ժ. Բունդհենը թողարկում է Victoria’s Secret-ի բրազիլական տարբերակի` Hope ընկերության հետ համատեղ: Այն հատկապես լայն տարածում ունի Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում և Իսրայելում:
Ներքնազգեստի հավաքածուի վաճառքը Բունդհեմին հնարավորություն տվեց իր ունեցվածքը ավելացնել 40 տոկոսով:
Թեև, ինչպես նկատում են վերլուծաբանները, մոդելի տարեկան եկամուտը այնքան էլ բարձր չէ մյուսների համեմատ ու գնահատվում է ընդամենը 45 մլն դոլար, վերջին 10 տարում Բունդխեմը կատարել է 250 մլն դոլարի մի շարք եկամտաբեր ներդրումներ:
Մանեկենուհին, համագործակցելով սանդալների արտադրությամբ զբաղվող համաշխարհային առաջատար Grendene ընկերության հետ, հիմնադրել է իր ֆիրմային հոսքագիծը` Ipanema անվանմամբ: Ամեն տարի աշխարհում վաճառվում է այս ապրանքանիշի 25 մլն կոշիկ:
Նրան է պատկանում նաև մեծ քանակությամբ անշարժ գույք` հյուրանոց Բրազիլիայի հարավում, հողատարածք Տրանկոսո քաղաքում, առանձնատուն Կոստա Ռիկայում, տուն Միացյալ Նահանգներում։
Ժիզելը մոդելի իր կարիերան սկսել է 14 տարեկանում, գովազդել Ralph Lauren, Dolce&Gabbana, Versace, Valentino, Celine, Gianfranco Ferre, Chloe նորաձևության տների ու հայտնի մոդելավորողների ապրանքանիշները, հայտնվել հեղինակավոր ամսագրերի էջերին` Vogue, Marie Claire, Harper’s Bazaar և այլն:









































