Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը զարմացած չէ, որ Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան կարող է քաղաքական ապաստան խնդրել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն.
«Վրաստանի օկուպացված շրջաններում բնակվող անձինք գնալով ավելի բացասական դիրքորոշում են որդեգրում Ռուսաստանի հանդեպ: Ես զերծ եմ մնում շահարկումներից: Մենք հետևում ենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում Ալլա Ջիոևայի շուրջը:
Երբ Ջիոևան հայտարարում է, որ կարող է քաղաքական ապաստան խնդրել, նա, բնականաբար, նկատի չունի դա խնդրել Ռուսաստանից, որից բխում է գլխավոր սպառնալիքը: Վրացական կողմը ողջունում է, որ օկուպացված տարածքների բնակիչները գիտակցում են, որ գլխավոր սպառնալիքը բխում է հենց Ռուսաստանից»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ջիոևան չէր բացառել, որ կարող է թողնել քաղաքականությունն ու քաղաքական ապաստան խնդրել: