Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Լիանա Սայադյանը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի նախագահ Օլիվեր Մակքոյը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրին «Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները և դատական գործերը Հայաստանում 2010-2011թթ.-ին» գիրքը:
Այն բաղկացած է երկու մասից։ «Առաջին մասում խոսվում է դատական գործերի մասին: Հիմնականում տեղ են գտել այն գործերը, որոնք հարուցվել են պատվի և արժանապատվության համար: Գործ հարուցողները հատկապես հանրային անձինք են»,- նշեց Լիանա Սայադյանը: Ըստ նրա` այս դատական գործերի հիմնական նպատակը լրատվամիջոցների խոսքի ազատության սահմանափակումն է: Հաճախ դատարանը լրագրողներից պահանջում է այնպիսի գումարներ, որոնք նրանք ի վիճակի չեն վճարելու: Դատարանները լրատվամիջոցների նկատմամբ որդեգրել են մտրակի քաղաքականություն:
Երկրորդ մասում նկարագրված են լրագրողների հանդեպ բռնության դեպքերը, որոնք աճում են հատկապես նախընտրական շրջանում: Բռնությունների մեծ մասը իրավապահ անձանց կողմից չի բացահայտվում:
ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի նախագահ Օլիվեր Մակքոյը խոսելով գրքի մասին՝ նշեց, որ այն ներկայացնում է 37 դատական իրավիճակ՝ իր բոլոր մանրամասնություններով. «Հետաքննական լրագրությունը շատ անհրաժեշտ է հասարակությանը: Այն ապահովում է ժողովրդավարություն և թափանցիկություն: Հետաքննական լրագրությունը հատկապես կարևոր է այն երկրների համար, որտեղ կառավարությունը իներտ է: ԶԼՄ-ների ազատության հետ կապված՝ Հայաստանում առաջընթաց է նկատվում, սակայն անցնելու դեռ երկար ճանապարհ կա»:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքերով` Հայաստանը այն քիչ երկրներից է, որտեղ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են. «Ապաքրեականացումը ունի դրական կողմեր: Դրանցից մեկն այն է, որ լրագրողների հանդեպ բռնությունը քչացել է, հետևաբար բարձրացել է լրագրողական էթիկան»: Նրա խոսքերով` ամեն դեպքում դատարանը առավելությունը տալիս է հասարակական և քաղաքական գործիչներին:












































