Грузия Online-ի փոխանցմամբ՝ փետրվարի 22-24-ը Վրաստան է այցելելու ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնական Սելեստա Վոլանդերը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Վերջինիս խոսքերով՝ Վոլանդերի վրացական այցի հիմնական նպատակը պաշտպանական ոլորտում Վրաստանի հետ համագործակցությունն է:
Կալանդաձեն հավելել է, որ Վոլանդերի վրացական այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 30-ին Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՆ-ի ու Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե առաջիկա օրերին Վրաստան է ժամանելու ամերիկացի մասնագետների խումբը, որը Վրաստանում հետազոտելու է երկրի պաշտպանունակության բարձրացման հարցը: Ամերիկացի մասնագետները Վրաստանում կուսումնասիրեն այդ երկրի սպառազինության կարիքները: Ավելի վաղ վրացական կողմը հայտարարել է, թե Վրաստանը ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ հակաօդային ու հակատանկային պաշտպանության միջոցներ: