Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլևս այլընտրանք չունի: Ինչպես այսօր լրագրողներին փոխանցեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, սա փետրվարի 16-18-ը ԼՂՀ-ում կայացած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակ» խորագրով գիտաժողովին մասնակցած պատվիրակությունների հիմնական եզրակացությունն էր:
Նա հայտնեց, որ գիտաժողովին մասնակցել են ԱՄՆ, ՌԴ, Չեխոսլովակիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի՝ ընդհանուր առմամբ մոտ 15 երկրների պատվիրակություններ:
«Բոլոր պատվիրակությունների ելույթներում նշվեց այն հանգամանքը, որ ԼՂ անկախությունն այլևս անշրջելի է»,- ասաց Գ. Մելիքյանը՝ հավելելով, որ ոչ մի ելույթում չի հնչել կարծիք, թե միջազգային իրավունքում կա գոնե մեկ նորմ, որով ԼՂ անկախությունը չի ճանաչվում. «Միջազգային գերտերությունների փորձագետները հայտնեցին այն մոտեցումը, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող տարածվել ԼՂ վրա»:
Ըստ բանախոսի՝ գիտաժողովի պատվիրակները համոզված են, որ բանակցային գործընթացին Արցախը պետք է մասնակցի, իսկ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխման ենթակա չէ: Հունաստանի պատվիրակը նույնիսկ մաթեմատիկական հաշվարկներով է ապացուցել, որ ԼՂ անկախությանն այլ տարբերակ չկա:
Գ. Մելիքյանի խոսքով՝ կարևորվել է այն հանգամանքը, որ ԼՂ-ն կարող է հանդես գալ որպես ժողովրդավարության մոդել:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ գիտաժողովն ի՞նչ արձագանք կունենա միջազգային ասպարեզում, Գ. Մելիքյանը պատասխանեց. «Մեծ արձագանք կունենա»:











































