Մեր շրջապատում նույնիսկ ամենամոլի ծխողները վախենում են խոստովանել, որ կախվածություն ունեն ծխախոտից: Սիգարետի յուրաքանչյուր երկրպագուի թվում է, թե ցանկացած պահի կարող է հրաժարվել ծխախոտից: Սակայն հենց հասնում է պայքարելու շրջանը, մարդու ու ծխախոտի միջև պայքարում մեծ մասամբ հաղթում է ծխախոտը: Համաշխարհային բժշկությունն այսօր ամենատարբեր օգտակար մոտեցումներ է մշակում ծխախոտի դեմ պայքարելու համար, սակայն դրանցից յուրաքանչյուրն անօգուտ է, եթե բացակայում է կամքը: Այնուամենայնիվ, ամերիկյան ծխախոտի դեմ պայքարի ասոցիացիան մշակել է մի քանի դրույթ ծխախոտից հրաժարվելու գործընթացի արդյունավետության վերաբերյալ։ Ծխախոտից հրաժարվելու փորձը կլինի արդյունավետ, եթե ծխելը թողնելու որոշումը կամավոր է, հաստատակամ և արվում է սեփական առողջության, ոչ թե կողակիցներին սիրաշահելու համար: Այս հիվանդությունից պետք է հրաժարվել ինքնուրույն և միանգամից դադարեցնել ծխելը` ուշադրություն չդարձնելով բոլոր այն անհիմն խոսակցությունների, թե ծխախոտից կտրուկ հրաժարվելը վտանգավոր է: Այս հարցում ոչ մի դեպքում մի թերագնահատեք բժշկական օգնությունը: Ներկայումս կան ծխախոտի կախվածությունը թեթևացնող, նիկոտինին փոխարինող դեղամիջոցներ ու հակադեպրեսանտներ: Ամերիկյան հոգեբանները խորհուրդ են տալիս այս ընթացքում կտրուկ խուսափել ծխող մարդկանց ընկերակցությունից և չսահմանել անիմաստ ժամկետներ, քանի որ ծխելուց հրաժարվելու գործընթացը կարող է տևել մեկ օր կամ կես տարի:
Իսկ ինչ խորհուրդ կտանք կոնկրետ հայ ծխողներին ու հատկապես տղամարդկանց. ուշադրություն մի դարձրեք ծխելը թողնելու մասին մեր հասարակության մեջ հայտնի «լավ տղերքի» հայկական ավանդական հեգնանքին: Եվ ինչպես ասում են՝ «Մինչև հայի գրպանին չդիպչես, ոչինչ նրան չի հուզի», այնպես որ մտածեք, թե ինչքան գումար է տարեկան ձեզանից խլում ծխախոտը: