Anonymous ցանցահենների խումբը հայտարարել է, որ պատրաստվում է մարտի 31-ին անջատել համացանցը՝ անցկացնելով #opGlobalBlackout օպերացիան: Դրա շրջանակում ցանցահենները պատրաստվում են դադարեցնել 13 հիմնական DNS-սերվերների աշխատանքը, հաղորդում է SecurityLab-ը:
«Որպես բողոքի նշան SOPA-ի, Ուոլ Սթրիթի, մեր անպատասխանատու առաջնորդների և սիրելի բանկիրների դեմ, որոնք ստիպում են աշխարհին սովի մատնվել իրենց եսասիրական պահանջմունքների պատճառով և հանուն հասարակ սադիստական զվարճությունների, Anonymous-ը մարտի 31-ին կանջատի համացանցը»,- ասվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:
Այն բանից հետո, երբ DNS-սերվերները կանջատվեն, ոչ ոք չի կարողանա համացանց մուտք գործել, քանի որ այդպիսով կանջատվի Web-ում ամենաշատ օգտագործվող ֆունկցիան ՝ HTTP-ն:
«Հիշեք, որ սա բողոք է, և մենք մեր առջև նպատակ չենք դնում «սպանել» համացանցը, մենք ժամանակավորապես անջատում ենք այն, ինչն ամենաշատն է անհրաժեշտ»,- նշել են ցանցահենները:







































