Երեկ «ՀԺ»-ի թղթակցին հաջողվել է փոքրիկ զրույց ունենալ Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:
«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սարգսյանը մասնակցում էր «Հույսի նավակ» մանկական բարեգործական համերգին` նվիրված ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Նշենք, որ երեկ հանդիսատեսին անակնկալ էր սպասում. համերգի ավարտից առաջ բեմ բարձրացավ և վերջին` «Արև ենք միասին» երգի ժամանակ փոքրիկ երգիչներին ռոյալի վրա նվագակցեց Ռիտա Սարգսյանը:
Թեև մինչ այդ վատ հնչողության պատճառով դժվար էր հասկանալ, թե հայտարարվող երգի մասին ինչ է ասում համերգի «նավավար», հաղորդավար Ավետ Բարսեղյանը, սակայն ավելի ուշ պարզվեց, որ այդ երգի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն է»,- ապա թերթը ներկայացնում է իր և ՀՀ առաջին տիկնոջ հարցազրույցը:
– Տիկին Սարգսյան, հետաքրքիր է իմանալ` դուք ձեր ամուսնու հետ քաղաքական թեմաներով զրույցներ ունենո՞ւմ եք:
-Ոչ: Երբեք: Երբեք: Չեմ սիրում քաղաքական թեմաներ:
-Բայց հաջողվո՞ւմ է խուսափել այդ թեմաներից` հաշվի առնելով` ով է ձեր ամուսինը:
-Այո, եթե չփորձես խոսել, պատասխան էլ չես ստանա: Չեմ սիրում քաղաքականություն:
– Իսկ այդուհանդերձ, քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են (այդքանով, կարծում եմ, հետաքրքրվում եք), ձեր կարծիքով` ինչպիսի՞ պատկեր կունենա ապագա խորհրդարանը:
-Չգիտեմ: Ազնիվ խոսք եմ ասում, չեմ հետաքրքրվում: Չեմ սիրում:
-Իսկ ինչո՞վ եք հետաքրքրվում:
-Հետաքրքրվում եմ իմ մասնագիտությամբ, այ նրանով, ինչ որ տեսաք` բարեգործությամբ: Ինձ թվաց` դու երգի մասին մի քանի հարց կտայիր, որը ծնվել է երկու շաբաթ առաջ:
-Ճիշտն ասած` շատ աղմկոտ էր, լավ էլ չհասկացա, չլսվեց` ով էր գրել երգը և այլն:
-Հա՜: Երգի երաժշտությունը գրել եմ ես, բառերը` Ավետ Բարսեղյանը: Այդ երգը մեր ֆոնդի, չեմ սիրում այդ բառը, բայց թող լինի` հիմնը:
– Իսկ Բելլա Քոչարյանի հետ հանդիպո՞ւմ եք: Եվ ընդհանրապես ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Բելլա Քոչարյանը, կարելի է ասել, իմ մարտական ընկերուհին է: Իհարկե հանդիպում եմ: Մենք միասին նկուղներում, միասին պատերազմում ենք անցկացրել: Ինչպե՞ս կարելի է դրանից հետո իրար չհանդիպել:
-Իսկ ի՞նչ եք կարծում` ձեր ամուսինը հաջորդ նախագահական ընտրություններից հետո կշարունակի՞ պաշտոնավարել երկրորդ ժամկետում:
-Չգիտեմ: Ճիշտն ասած` ինձ համար մեկ է:
-Մե՞կ է: Ինչո՞ւ:
-Դե, ինձ համար մեկ է` նախագահ կլինի՞, թե չէ:
«Հ.Գ. Ի դեպ, համերգի ավարտից հետո, մինչ Ռիտա Սարգսյանը կմոտենար ավտոմեքենային, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վարորդին ինչ-որ գրություն տվեց և խնդրեց փոխանցել: Գ. Սողոմոնյանը, որը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինն է, նույնպես Օպերային թատրոնից էր դուրս եկել»,- հավելում է թերթը:








































