Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) 50 հազար դոլար տուգանք է նշանակել բրիտանացի բռնցքամարտիկ Դերեք Չիսորային` Վիտալի Կլիչկոյին ապտակելու համար: WBC-ի նախագահ Խոսե Սուլեյմանի խոսքերով` Չիսորայի արարքը «իսկական խայտառակություն է» և «էժանագին սադրանք»: Նա նաև հավելել է, որ նման վարքն անթույլատրելի է բռնցքամարտիկի համար և խոսում է սպորտի նկատմամբ ունեցած անհարգալից վերաբերմունքի մասին: Սուլեյմանը հույս է հայտնել, որ Կլիչկոն Չիսորային «պատասխանը կտա ռինգում` մարտի ժամանակ»:
Հիշեցնենք, որ Չիսորան ապտակել էր Կլիչկոյին փետրվարի 17-ի պաշտոնական կշռման ժամանակ: Կլիչկոն պատասխան չի տվել` հայտարարելով, որ փորձ ունի նման սադրանքների չենթարկվելու համար: Նշվում է, որ տուգանքից ստացված գումարը կփոխանցվի բարեգործական հիմնադրամի:
Փետրվարի 18-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում Վիտալի Կլիչկոն (43-2-0) ու Դերեք Չիսորան (25-2-0) կմենամարտեն գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար:







































