Գիտնականները չեն հրապարակի թռչնի գրիպի վտանգավոր տարատեսակի մասին տվյալներ, որպեսզի ահաբեկիչները չիմանան այդ մասին:
Թռչնի գրիպի առավել վտանգավոր տարատեսակն ուսումնասիրող գիտնականները համաձայնել են երկարաձգել իրենց հետազոտությունները հրապարակելու մորատորիումը, որպեսզի արդյունքներն ահաբեկիչներին հասանելի չդառնան։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդպես էլ չէր կարողացել կողմնորոշվել՝ արժե՞ արդյոք հետազոտության արդյունքները հրապարակային դարձնել:
Հոլանդիայում գիտական լաբորատորիայի գիտնականներն արհեստականորեն ձևափոխել են H5N1 վիրուսը, որպեսզի պարզեն, թե ինչ կերպ է այն մարդուց մարդուն փոխանցվում: Արդյունքում ստացվածը, գիտնականների խոսքերով, ավելի վտանգավոր է դուրս եկել, քան թռչնի գրիպի գիտությանը հայտնի մյուս բոլոր տարատեսակները:
Անվտանգության ամերիկյան փորձագետները մտավախություն են հայտնել, որ ահաբեկիչները կարող են օգտվել վիրուսի ներքին կառուցվածքի և առանձնահատկությունների մասին մանրամասն տեղեկությունից և տարածել մահացու համաճարակ։











































