Շաբաթ օրը Վատիկանում կայանալիք ճոխ արարողության ժամանակ Հռոմի Պապը պատրաստվում է նշանակել 22 նոր կարդինալների` չնայած Մայր Աթոռում վերջերս տեղի ունեցող իշխանական կռիվներին, տեղեկությունների արտահոսքին:
The Telegraph-ը հաղորդում է, որ նոր նշանակվածները կմիանան կարդինալների էլիտար խմբին, ովքեր կպարտավորվեն Բենեդիկտոս 16-րդի մահվան դեպքում ընտրել հաջորդ Պապին: Նշենք, որ Բենեդիկտոս 16-րդն ապրիլին դառնում է 85 տարեկան:
Նոր կարդինալներից 7-ը իտալացիներ են, ինչը մեծացնում է հավանականությունը, որ Բենեդիկտոս 16-րդին իտալացի կհաջորդի: Այս մասին հայտնում են Վատիկանի դիտորդները:
Այսպիսով՝ Պապի հավանական թեկնածու կարդինալներից 67-ը Եվրոպայից են, 22-ը` Լատինական Ամերիկայից, 21-ը` Աֆրիկայից և Ասիայից, իսկ 15-ը` Հյուսիսային Ամերիկայից: Իտալացի կարդինալները 30-ն են:
Նշանակումներն արվում են Մայր Աթոռի համար սարսափելի մի քանի շաբաթներից հետո, որոնց ընթացքում կաշառակերության և Վատիկանի բանկի թափանցիկության վերաբերյալ կասկածներ եղան: Ինչպես նաև կասկածներ էին առաջացել, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում հնարավոր է Բենեդիկտոսի սպանության փորձեր լինեն:









































