Իրանական Mehr News գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է երկու ամսում Պակիստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 10 միլիարդ դոլարի: Այս մասին հայտարարել է Պակիստան այցելած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Վերջինս Իսլամաբադում մասնակցում է Պակիստանի ու Աֆղանստանի նախագահների հետ եռակողմ գագաթնաժողովին: Ահմադինեժադը նաև տետ-ա-տետ հանդիպումներ է ունեցել Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիի հետ:
Ահմադինեժադը հետաքրքրվել է Պակիստանում ցորենի ու բրնձի գնմամբ:
Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթներին Իրանին հաջողվել է միջազգային շուկաներում գնել գրեթե 1.1 միլիոն տոննա ցորեն: Ընդ որում՝ այդ գործարքները չեն կատարվել ոչ դոլարով , ոչ եվրոյով: Հիմնականում գործածվել է ճապոնական իեն, իսկ մասամբ կատարվել է նավթով ու ոսկով փոխանակում: Իրանին այսկերպ հաջողվում է խույս տալ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած բանկային պատժամիջոցներից: