Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվող Երրորդ զարգացման քաղաքականության գործառնությունը`80 մլն դոլար ընդհանուր գումարով, վերջինն է, որ կոչված է սատարելու ՀՀ կառավարությանը իր ռազմավարական նպատակներին հասնելու գործում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում ՀԲ ներկայացուցչության ղեկավար Ժան-Միշել Հապին տեղեկացրեց, որ այս գործառնությամբ ավարտվում է 2009 թ. սկսված ծրագրերի շարքը, որոնց արդյունքները նա դրական գնահատեց: Ըստ նրա` սոցիալական պաշտպանության և կենսաթոշակների բաժինն ընդհանուր ծախսերում 2008 թ. 24.8%-ից հասել է անցած տարի 31.7%-ի, բարելավվել է շահառուների թիրախավորումը «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրում, ներդրվել է նոր ծրագիր` նախադպրոցական կրթության ֆինանսավորում` 4.5- 5.5 տարեկան երեխաներին մեկ տարի դպրոցին նախապատրաստելու նպատակով, աճել են պետական հատկացումներն առողջապահության ոլորտին, ներդրվել է հարկային և մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգ, մաքսազերծման կետերում կանաչ միջանցքների կիրառումը, որի արդյունքում իրականացված գործառնությունների բաժինը 2008 թ. 0%-ից 2011-ին հասել է 15%-ի:
«Այս երրորդ ծրագիրը կենտրոնանալու է այն ոլորտներում, որտեղ աղքատությունն ավելի բարձր է, և միջոցների 40%-ը կգնա այդ ուղղությամբ»,- ասաց Հապին:











































