Եվրոպացիների շուրջ 75%-ը կարծում է, որ կոռուպցիան իրենց երկրի գլխավոր խնդիրն է, իսկ կեսից ավելին այն կարծիքին է, որ կոռուպցիայի մակարդակը բարձրացել է վերջին տարիների ընթացքում: Այս մասին են վկայում Eurobarometer-ի հարցման արդյունքները, որը վիճակագրական հետազոտություններ է կատարում Եվրահանձնաժողվի համար:
Ինչպես հաղորդում է China Daily թերթը, հետազոտությունն անցկացվել է Եվրամիության բոլոր 27 երկրներում:
Հետազոտության համաձայն՝ հարցվածների գրեթե կեսը կարծում է, որ կոռուպցիայի մակարդակը զգալիորեն աճել է վերջին երեք տարիների ընթացքում: Եվրոպացիների շուրջ 75%-ն այն կարծիքին է, որ կոռուպցիան գործում է հաստատությունների ներսում՝ տեղական շրջանային և ազգային մակարդակներով: Հարցվածների երկու երրորդն էլ այն կարծիքին է, որ կոռուպցիան երկրի ֆինանսական ոլորտի մի մասն է:
«Կոռուպցիան հիվանդություն է, որը քայքայում է երկիրը ներսից՝ խաթարելով վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, թուլացնելով քաղաքական ղեկավարության պատասխանատվությունը. դա կազմակերպված հանցավոր խմբերի ձեռքի գործն է»,- հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմը:
Կոռուպցիայի պատճառով Եվրամիությունում տնտեսական ծախսերը գնահատվել են տարեկան 120 մլրդ եվրո:









































