Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կլաաս ֆան դեր Տեմպելի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՆԹ ԱԳՆ Հայաստանի հարցերով պատասխանատու Մոնիկ դե Խրոտը և Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Լանդենբերգը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ն. Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները` նշելով, որ դրանք բավականին ակտիվ են ընթանում: Ներկա դրությամբ արդեն ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխները:
Կողմերն անդրադարձել են ասոցացման համաձայնագրի կարևոր մաս կազմող խորը և համապարփակ, ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին:
Ն. Զոհրաբյանը նշել է նաև, որ փետրվարի 27-ից ԵՄ-ի հետ մեկնարկելու են մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, ինչը մի քանի խմբերի համար էականորեն կհեշտացնի մուտքը Եվրամիության երկրներ:
Հյուրերին հետաքրքրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես թե ինչպես են քաղաքական ուժերը նախապատրաստվում ընտրություններին և թե ինչ ակնկալիքներ կան միջազգային դիտորդական կազմակերպություններից:
Ն. Զոհրաբյանը հյուրերին համապարփակ տեղեկատվություն է տրամադրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլի վերաբերյալ` կարևորելով ԵԱՀԿ և ԵԽԽՎ երկարաժամկետ առաքելությունների գործունեությունը: Նա նշել է, որ ինքը ԵԽԽՎ-ում արդեն ունի նախնական պայմանավորվածություն, ըստ որի, ապագա կազմավորվելիք դիտորդական առաքելությանը մինչև Հայաստան ժամանելը կներկայացվեն ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի տրամադրած խնդիրները, մտահոգությունները, թե հատկապես ինչի վրա արժե, որ ուշադրություն դարձնեն միջազգային դիտորդները:
Կլաաս ֆան դեր Տեմպելը կարևորել է այդ նախաձեռնությունը` նշելով, որ ինքն ամեն ինչ կանի, որ երկարաժամկետ դիտորդները Հայաստանում շատ լինեն և հաշվի առնեն բոլոր այն մտահոգությունները, որոնք կնշեն ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը:
Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրների:












































