Եթե ԱՄՆ-ը ֆինանսական օգնությունից զրկի Կահիրեին, Եգիպտոսը կվերանայի Իսրայելի հետ հաշտության պայմանագիրը: Վաշինգտոնի հասցեին այսպիսի սպառնալիքներ են հնչեցրել «Մուսուլման եղբայրներ»-ի «Ազատություն և արդարություն» կուսակցության ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, կուսակցության ղեկավար Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ ռազմական օգնությունը Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի մի մասն է, որի երաշախվորը, ի դեպ, ԱՄՆ-ն է: «Ուստի Վաշինգտոնը լավ կանի չսպառնալ ֆինանսական օգնության դադարեցմամբ, հակառակ դեպքում կարող է վերանայվել այն պայմանագիրը, որով այդ օգնությունը տրվում է»,- ասել է նա:
Վաշինգտոնի և Կահիրեի միջև հարաբերությունների սրման պատճառ է դարձել Կահիրեում եգիպտական և արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի կողմից: Փետրվարի սկզբին քրեական գործ հարուցվեց ոչ կառավարական կազմակերպությունների 43 անդամների նկատմամբ՝ դրսից ֆինանսավորվելու համար, քանի որ դա արգելվում է երկրի օրենքով: Ընդ որում, ձերբակալվածների մեջ կան 19 ամերիկացի, 14 եգիպտացի, 5 սերբ, Գերմանիայի 2 քաղաքացի և արաբական տարբեր պետությունների 3 բնակիչ:
Ի պատասխան դրա՝ ԱՄՆ-ը սպառնաց զրկել Եգիպտոսի կառավարությանը նախատեսվող 1.3 մլրդ դոլարի ֆինանսավորումից, եթե Կահիրեն ազատ չարձակի ձերբակալվածներին: