«2008թ. ընտրություններից հետո մի շարք կուսակցականներ զանգվածաբար լքել են «Օրինաց երկրի» շարքերը,- այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, որը մինչ վերջերս ՕԵԿ անդամ էր:
Կուսակցականների նման պահվածքը Բաղդասարյանը բացատրել Է նրանով, որ այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ՕԵԿ ղեկավարը կոալիցիա կկազմի Սերժ Սարգսյանի հետ:
«2008թ. նախագահական ընտրությունների շրջանում Արթուր Բաղդասարյանը կուսակցական բոլոր ժողովներում ասում էր, որ կա երկու տարբերակ՝ միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կամ ընտրություններին մասնակցել միայնակ: Իշխանությունների հետ համագործակցությունը բացառում էր: Փաստորեն, ընտրեց այն տարբերակը որ մշտապես բացառել է:
Մտածել է պետք, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանել: Մտածել է պետք, թե ինչու էր Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանել նաև Ռոբերտ Քոչարյանը»,- թերթի հետ զրույցում ասել Է պատգամավորը` ընդգծելով, որ ՕԵԿ քաղխորհրդում ինքը դեմ Է քվեարկել Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա ձևավորելու առաջարկին:









































