Բարև ձեզ: Եթերում «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդումն է: Սա ամենշաբաթյա հաղորդում է, որը ներկայացնում է օբյեկտիվ վերլուծություն Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ՝ կենտրոնանալով Հայաստանի Հանրապետության զարգացումների վրա:
Այս շաբաթ մենք կներկայացնենք երեք հիմնական խնդիրներ. առաջինը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցող զարգացումներն են, երկրորդը` վերջին շաբաթվա ընթացքում իշխանության թույլ տված սխալ քայլերը, և վերջում ամփոփ կերպով կներկայացնենք մի քանի կարևոր միտումներ ու զարգացումներ:
Այս հաղորդումը կսկսենք՝ քննարկելով Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող զարգացումները: Հաջորդ շաբաթ մենք կներկայացնենք գործադիր իշխանությունում կատարվող զարգացումները, այնուհետև արդարադատության համակարգը` նախընտրական շրջանի ֆոնին:
Այժմ սկսենք Հայաստանի խորհրդարանից ոչ միայն այն պատճառով, որ վերջին օրերին Ազգային ժողովում կարևոր զարգացումներ են տեղի ունեցել, այլ նաև այն պատճառով, որ մայիսին ընտրելու ենք նոր խորհրդարան, որը, ըստ խոստումների, նոր դեմք կունենա:
Բայց նախ և առաջ եկեք խոսենք Հայաստանի խորհրդարանի մասին, որը կարևորվում է Հայաստանի կառավարության վրա ունեցած իր իշխանությամբ: Սակայն Հայաստանի խորհրդարանը դեռ պետք է ճիշտ օգտագործի իր պոտենցիալը և կարողանա իրականացնել իր շատ կարևոր գործառույթները:
Անցած տարիների ընթացքում Ազգային ժողովի նախագահներից յուրաքանչյուրը փորձել է իր ձևով հզորացնել իշխանությունը և մեծացնել խորհրդարանի դերը: Հիշենք խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանին, ում հաջորդել է Տիգրան Թորոսյանը և այնուհետև Հովիկ Աբրահամյանը, որին վերջերս փոխարինել է Սամվել Նիկոյանը: Այս խոսնակներից յուրաքանչյուրը փորձել է իր սեփական ձևով մեծացնել խորհրդարանի դերն ու արդյունավետությունը:
Մինչև այսօր Հայաստանի խորհրդարանում կատարվել են, իհարկե, բարեփոխումներ, որոնք, սակայն, բավարար չեն: Այժմ եկենք ուսումնասիրենք խորհրդարանում տեղի ունեցած վերջին մի քանի քվեարկությունները: Առաջինը, որն ամենահետաքրքիրն է, այն է, որ անցյալ շաբաթվա ընթացքում խորհրդարանում խնդիր կար` քվեարկության և քվորումի առումով: Առաջինը «Բարգավաճ Հայաստան»-ը` կոալիցիայի կրտսեր անդամը, ցուցադրելով իշխող Հանրապետական կուսակցության հետ ունեցած հակամարտությունը, բոյկոտեց խորհրդարանի աշխատանքը` մերժելով մասնակցել նիստին և քվեարկությանը: Սա զարմացրեց շատերին և հատկապես Հանրապետական կուսակցության ղեկավարությանը, քանի որ այդ քայլով պարզ դարձավ, որ Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև առկա է հակամարտություն և լարվածություն:
Մինչդեռ այդ քվեարկությունը շատ կարևոր էր և ներառում էր այնպիսի օրենքի նախագիծ, որը չափազանց անհրաժեշտ է Հայաստանին: Այդ օրենքով փոփոխություններ էին կատարվում Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի վերաբերյալ, սահմանափակվում կամ կրճատվում էին քաղաքացիական ազատությունները ճգնաժամի կամ արտակարգ իրավիճակների ժամանակ: Հետաքրքիրը ոչ թե օրինագիծն էր, այլ այն, թե ինչպես դա ընդունվեց: Այն ընդունվեց հապճեպորեն, ընդամենը մեկ ընթերցումից հետո միանգամից դրվեց քվեարկության և ընդունվեց:
Ամենահետաքրքիրն ու տխուրն այն էր, որ խորհրդարանում քվեարկության ժամանակ չկար անհրաժեշտ քվորումը քվեարկությունն անցկացնելու համար, և իշխող՝ Հանրապետական կուսակցության անդամներից շատերը քվեարկեցին իրենց ոչ ներկա անդամների փոխարեն: Անգամ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրապարակայնորեն ընդունեց, որ Հանրապետական կուսակցության պատգամավորները իսկապես քվեարկում էին իրենց գործընկերների փոխարեն` այդ կերպ խախտելով խորհրդարանի օրենքները և անտեսելով ու արհամարհելով այն: Ըստ Գալուստ Սահակյանի՝ երկրորդն այն էր, որ բացակայությունների խնդիրը` ներառյալ ընդդիմության պատգամավորների բացակայությունը, շատ ավելի մեծ խնդիր էր, քան այն, որ կուսակցության անդամները քվեարկում էին կուսակցության մյուս անդամների փոխարեն:
Խորհրդարանի նիստերի ընթացքում, իսկապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում մշտապես խնդիր է եղել պատգամավորների բացակայության հարցը, նրանք իսկապես չեն ներկայանում՝ կատարելու իրենց աշխատանքը: Հատկանշական է, որ օլիգարխներից և գործարարներից շատերը խորհրդարանում չեն կարողացել անգամ ներկայանալ նիստերին, իսկ այս քվեարկության դեպքում ընդդիմությունից շատերը` ներառյալ «Ժառանգություն» կուսակցությունը, նույնպես ներկա չէին: Եվ սա իրականում արտացոլում է ավելի մեծ խնդիր` խորհրդարանի կարևորության առումով:
Բայց եթե անգամ խնդիր կար օրենքն ընդունելու հետ, համենայնդեպս եկեք քննարկենք այդ օրենքը: Արդարադատության համակարգի կողմից, Հայաստանի իշխանության ճնշման ներքո, օրենքը ներկայացվել էր որպես ծայրահեղ անհրաժեշտություն՝ կապված առաջիկա ընտրությունների հետ: Այդ կերպ օրենքով ընդլայնվում է Հայաստանի իշխանության հնարավորությունը ճգնաժամի ժամանակ բանակն ու զինված ուժերը օգտագործելու առումով: Այլ կերպ ասած` նոր օրենքի համաձայն, իշխանություններն ավելի շատ իրավասություններ ունեն բանակը քաղաքներ, փողոցներ մտցնելու՝ քաղաքական հարցերի հետ կապված անհանգստությունների կամ ճգնաժամի դեպքում:
Այս հանգամանգը անհանգստության տեղիք է տալիս, քանի որ բանակը հասարակության մեջ հատկապես Հայաստանում մշտապես չեզոք է եղել: Միայն նախկինում տեղի ունեցած երկու պատահարների դեպքում է այն խառնվել. խորհրդարանի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ, որը մեծ ահաբեկչական գործողություն էր, և 2008 թվականի մարտի մեկին, երբ զինված ուժերի ստորաբաժանումները մտցվել էին քաղաք: Այս օրենքով դուռ կբացվի, որ բանակը ուղղակի մասնակցություն ունենա քաղաքականությանը, ինչը շատ վտանգավոր է: Անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր իր անհանգստությունը, բայց խոստացել էր ռազմական ուժերի չեզոքությունը քաղաքականության մեջ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ ըստ այս նոր օրենքի՝ իշխանությունը կարող է օգտագործել բանակը և կանչել ու մոբիլիզացնել զինվորներին այն դեպքերում, երբ ոստիկանությունն ու անվտանգության ուժերը չեն կարողանում կառավարել իրադրությունը: Պատերազմի, ճգնաժամի, ահաբեկչական գործողության և նման այլ դեպքերում այս բոլորը հասկանալի են, բայց, այնուամենայնիվ, օրենքի մեջ խոցելի կետ կա, որը թույլ է տալիս օգտագործել զինված ուժերը զանգվածային անհանգստությունների ժամանակ՝ անհստակ մի տերմին` առանց բացատրության:
Այսինքն՝ ընդդիմության հնարավոր ցույցերը, օրինակ՝ մայիսին կայանալիք ընտրություններից հետո, կարող են այս նոր օրենքով դիտվել որպես զանգվածային անհանգստություն` դուռ բացելով բանակի համար: Սա շատ վտանգավոր է: Բայց իրականում այս նոր օրենքի ամենախոցելի կետն այն է, որ իրականում չի պահանջում խնդրի դատական լուծում կամ դրա դատական վերանայում: Այլ կերպ ասած` ո՞վ պետք է ասի, թե ինչ է զանգվածային անհանգստությունը, ո՞ր դեպքերում է դա որպես այդպիսին ընկալվում: Դա այն ժամանակ է, երբ ցույցի են դուրս գալիս 15, 100 մա՞րդ, թե՞ հազար: Սա մեծ հարց է, և չկա որևէ մարմին, որը կվերանայի որոշումը: Սա կարևոր է և վտանգավոր:
Երկրորդ հարցը, որ այսօր պետք է քննարկենք, իշխանության կատարած սխալ քայլերն են: Այդ առումով ամենակարևորը, դժբախտաբար, վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից էր: Դա նրա բավականին զարմանալի և անհանգստացնող հայտարարությունն ու որոշումն էր Ռուսաստանի նախագահական ընտրություններում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին աջակցելու վերաբերյալ: Հիմնականում քաղաքական գործիչները չեն խառնվում այլ երկրների ներքին քաղաքական գործերին: Եվ այս դեպքում վարչապետ Սարգսյանի քայլը բավականին անընդունելի է:
Միաժամանակ մենք տեսնում ենք իշխանության կողմից կատարված ավելի անընդունելի մի քայլ: Վերջին օրերի ընթացքում Երևանում, ինչպես և Վրաստանում ու Ադրբեջանում, ձնաբուք է, որն իրականում Երևանում, Բաքվում և Թբիլիսիում դարձել էր օդանավակայանների փակման պատճառ: Բացահայտ էր, որ, իմ կարծիքով, Հայաստանի քաղաքային իշխանությունը չէր կարողացել մաքրել փողոցները և պատասխանել ձնաբքի պարզագույն մարտահրավերին: Այսինքն` Երևանի նոր քաղաքապետը` Տարոն Մարգարյանը, կորցրեց ոսկե հնարավորությունը իր աշխատանքի արդյունավետությունը ցույց տալու: Փողոցները մաքրված չէին անգամ քաղաքի կենտրոնում, և թվում էր, թե նրանք փողոցները մաքրող սարքավորումների պակաս ունեն: Միևնույն ժամանակ մենք տեսանք պատկերներ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ օդանավակայանի աշխատողները մաքրում էին թռիչքուղիները միայն մեկ մեքենայով և ձեռքերով:
Հետաքրքիր է նախագահ Սարգսյանի վարչակազմում տիրող նոր միտումը, որը հիմնականում շատ դրական ենք համարում: Ինչպես վարչապետը, Հայաստանի նախագահը նույնպես խթանում է երիտասարդների մուտքը դեպի իշխանություն: Վարչապետի պարագայում մենք տեսանք Արևմուտքում կրթություն ստացած, շատ խելացի և խոստումնալից մի քանի երիտասարդ մասնագետների, որոնց պաշտոնները բարձրացրել են՝ հասցնելով մինչև վարչապետի գրասենյակ: Նախագահի պարագայում մենք տեսնում ենք Վիգեն Սարգսյանի բարձրացումը մինչև աշխատակազմի ղեկավարի պաշտոնի: Մենք տեսնում ենք նաև այլ անձանց` Նաիրի Պետրոսյան, վերջերս՝ Վարուժան Ներսիսյան ` շատ խելացի դիվանագետ, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանի նախկին տեղակալ: Ներսիսյանն այժմ աշխատում է նախագահի գրասենյակում: Բարեփոխումների ձգտող, շատ խելացի խարհրդականների այս խումբը ` Վիգեն Սարգսյան, Վարուժան Ներսիսյան, Նաիրի Պետրոսյան, Նիկոլայ Նիկողոսյան , ներկայացնում է քաղաքացիական ծառայողների բարեփոխումներին ուղղված առավել ունակ և մասնագիտացած սերնդի դեմքը, որը շատ տարբեր է հին՝ սովետական ոճի բյուրոկրատներից: Սա դրական միտում է, և կարիք կա այն ճանաչելու և խրախուսելու:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք նաև երեք հիմնական զարգացումներ ենք տեսնում: Առաջինը հայ-ռուսական նոր համաձայնագիրն է, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը պաշտպանության և արդյունաբերության ոլորտում: Երկրորդը` բրիտանական British Analitica-ի հոդվածը, որտեղ գնահատվում էին հայկական բանակում իրականացվող բարեփոխումները, բայց զգուշացվում շարունակվող բռնությունների, կարգապահության պակասի և հայկական զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացությունների մասին, և թե ինչպես այս ամենը կարող է կասեցնել պաշտպանության ոլորտի բարեփոխումները: Այս զեկույցում հստակ նշված էր, որ Սեյրան Օհանյանը՝ որպես պաշտպանության նախարար, խորհրդականների նրա ավելի երիտասարդ խումբը , բարեփոխումների ձգտող մարդիկ, Դավիթ Տոնոյանը՝ որպես փոխնախարար, և մյուսները իրականում առավելություն են ձեռք բերում հին պահպանողական ուժերի նկատմամբ, որոնք պաշտպանության նախարարությունում ներկայացված էին գեներալ Միքայել Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմից: Այս զեկույցում ասվում էր, որ երիտասարդները, ովքեր ձգտում են բարեփոխումների, ուղղակի հաղթում են, և հին՝ պահպանողական ու բարեփոխումներին դեմ գնացող խումբը պարտություն է կրում: Սա շատ կարևոր է և ցույց է տալիս, որ Հայաստանի պաշտպանության բնագավառում բարեփոխումները ընդհանուր ժողովրդավարացման կարևոր ցուցիչ են:
Մենք նաև տեսնում են երկրորդ զարգացումը: «Հայկական ժամանակ» օրաթերթի ընդդիմադիր լրագրող Հայկ Գևորգյանը հանրային ճնշման հետևանքով իրականում ազատ է արձակվել: Անցած շաբաթ մենք խոսեցինք նրա հետ կապված դեպքի մասին` ոչ թե անմեղության կամ մեղավոր լինելու առումով, այլ նրա ձերբակալության և կալանքի իրականացման՝ նախաքննական կալանքի մասին, որտեղ նրան մերժել էին ազատ արձակել գրավի դիմաց և պահել էին բանտում անգամ մինչ դատապարտվելը: Այլ կերպ ասած՝ վտանգն այստեղ մինչ դատալսումը մեղավոր լինելու կանխավարկածն է, այլ ոչ թե անմեղության: Նրան ազատ արձակեցին հանրային ճնշման հետևանքով: Սա նույնպես շատ կարևոր է:
Վերջապես Հայաստանը վերջին օրերին տեսել է մի նոր մարտահրավեր` պատրաստվել անկանխատեսելիին: Մասնավորապես` Սիրիայի հայկական համայնքում, հատկապես Հալեպում հայ զոհվեց, որը մահացավ Սիրիայի վարչակարգի դեմ ապստամբների հարձակման ժամանակ: Ավելի լայն առումով սա նշանակում է, որ Սիրիայի զարգացումներին Հայաստանի իշխանությունը պետք է պատրաստ լինի: Միևնույն ժամանակ` Հայաստանը պետք է ավելի խորը ուսումնասիրի և պատրաստվի Իրանում ընթացող զարգացումներին՝ կապված Արևմուտքի կողմից Իրանի դեմ պատերազմի սպառնալիքներին` միջուկային ծրագրի պատճառով: Սրանք երկուսն էլ անկանխատեսելի զարգացումներ են, որոնց Հայաստանը պետք է լիովին պատրաստ լինի: Մենք նաև միշտ նշել ենք, որ Հայաստանը դեռ պետք է ցույց տա, որ ամբողջապես պատրաստ է նրան, թե երբ Հայաստանում կլինի հերթական երկրաշարժը կամ ավելի վատ սցենարով` պատահար ատոմակայանում: Այլ կերպ ասած՝ պահանջ կա, որ Հայաստանի իշխանությունը ռազմավարական ծրագրեր ունենա, կարողանա պլանավորել այն՝ հաշվի առնելով անսպասելին, և միշտ պատրաստ լինի ամենավատ սցենարներին: Եվ այս ենթատեքստում մենք նաև հույս ունենք, որ մայիսին կայանալիք ընտրությունները ոչ միայն մարտահրավեր կներկայացնեն Հայաստանի իշխանությանը, այլ նաև կընձեռեն հնարավորություն՝ խորացնելու և մեծացնելու ժողովրդավարությունը, բարելավելու Հայաստանում քաղաքական փակ համակարգը և այն բացելու: Սա որքան մարտահրավեր է, նույնքան էլ հնարավորություն:
Կհանդիպենք մյուս շաբաթ: Դուք դիտում էիք «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդումը: Շնորհակալություն:









































