Թուրքական Haberarz.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, պատասխանելով ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Թանժու Օզջանի հարցին, տվյալներ է ներկայացրել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների վնասազերծման մասին:
Նա ընդգծել է, որ 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում (Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերին) PKK-ի դեմ մղված գործողությունների արդյունքում սպանվել է 1268 և վիրավորվել է 24,385 PKK-ական: Միևնույն ժամանակ թուրքական անվտանգության ուժերին է հանձնվել 1398 PKK-ական:
Բացի այդ, հաշվետու ժամանակաշրջանում PKK-ականներից առգրավվել է 20 տարբեր երկրների 519 խոշոր և փոքր տրամաչափի զենք, 2661 ձեռքի նռնակ, 413,783 տարբեր տիպի զինամթերք:
Հիշեցնենք, որ 2010 թվականի օոստոսի 25-ին այն ժամանակվա Թուրքիայի ներքին գործերի նախարար (ներկայումս փոխվարչապետ) Բեշիր Աթալայը հայտնեց, որ 1990-2009 թվականներին թուրքական զինված ուժերի և ոստիկանության կողմից վնասազերծվել է 27.905 PKK-ական: Սպանվել է 19.946 քուրդ զինյալ, որից 19.097-ը տղամարդիկ, իսկ 792-ը` կանայք: 57 զոհվածի սեռը չի հաջողվել ճշտել:
Վիրավոր վիճակում գերի է ընկել 23, իսկ առողջ վիճակում` 4733 քուրդ զինյալ: Առողջ վիճակում գերի բռնվածներից 4336-ը պատկանել են արական սեռին, իսկ 397-ը ներկայացրել են իգական սեռը: Անվտանգության ուժերին է հանձնվել 3203 քուրդ զինյալ, այդ թվում նաև 2874 տղամարդ և 329 կին:
Փաստորեն, վերջին 20 տարիներին Թուրքիայում վնասազերծվել է 26.329 տղամարդ և 1519 կին քուրդ զինյալ (գումարած 57 սեռը չպարզված անձինք): Աթալայի հաղորդմամբ` վնասազերծված քուրդ զինյալներից 1901-ը եղել են մինչև 20 տարեկան, 5025-ը` 20-30 տարեկան, 1440-ը` 31-40 տարեկան, իսկ 496-ը` 40-ից բարձր: Միևնույն ժամանակ՝ վնասազերծված 10.043 քուրդ զինյալների տարիքը մնում է անհայտ:











































