Չինաստանը հրաժարվել է այցագիր տրամադրել ԱՄՆ հատուկ դեսպանին, որը պետք է Չինաստանի իշխանությունների հետ քննարկեր երկրում դավանանքի ազատության հարցը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իրավապաշտպաններին:
Դավանանքի հարցերով ԱՄՆ դեսպան Սյուզան Ջոնսոն Քուքը պետք է Չինաստան մեկներ փետրվարի 8-ին, սակայն նախատեսված այցից առաջ նրան հրաժարվել են այցագիր տալ: Որպես պատճառաբանություն՝ նշվել են դեսպանի ոչ բավարար չափով հանդիպումները Չինաստանի տարածքում:
Թերթի աղբյուրը պնդում է, որ, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների խնդրանքով, դեսպանի չկայացած այցի մասին չի հրապարակվել:
Պարբերականը հիշեցնում է, որ այցագրի մերժումից մի քանի օր անց Վաշինգտոն է ժամանել Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը, որը համարվում է ներկայիս նախագահ Հու Ցզինտաոյի ամենահավանական փոխարինողը: