Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Բելառուսի նախագահի և մի շարք պաշտոնյաների նկատմամբ Եվրամիության կողմից կարող են պատժամիջոցներ կիրառվել, այդ թվում` նրանց կարգելվի մուտք գործել եվրոպական երկրներ:
Ըստ գերմանական Suddeutsche Zeitung թերթի` այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:
Նախկինում էլ Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ նմանատիպ սահմանափակումներ եղել են: Դրանք մտցվել էին 2004-2006թթ., սակայն դադարեցվել էին 2008թ.-ին` երբ ազատ էին արձակվել բելառուսցի քաղբանտարկյալները, իսկ Եվրամիության և Բելառուսի իշխանությունների միջև սկսվել էին քննարկումներ` հարաբերությունները բարելավելու վերաբերյալ:
Եվրամիության և Բելառուսի միջև լարվածությունը կրկին աճել է 2011թ. դեկտեմբերի 19-ի ընտրություններից հետո, երբ ձերբակալվել էին ընդդիմության նախագահի բոլոր թեկնածուները, ինչպես նաև փակվել էր ԵԱՀԿ գրասենյակը Մինսկում, ինչն առաջացրել է եվրոպացի պաշտոնյաների բուռն դժգոհությունը:
Նախորդ օրը քննադատությամբ էր հանդես եկել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն: