Թաիլանդի մայրաքաղաքում տեղի ունեցած կրկնակի պայթյունների հետևանքով 4 մարդ վիրավորվել է, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Առաջին պայթյունի հետևանքով վնասվել է մի տաքսի, որի վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Երկրորդ պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ օտարերկրացու արտաքինով տղամարդը փորձել է ռումբ նետել ոստիկանության աշխատակցի վրա:
Ոստիկանության տվյալներով՝ ռումբն ընկել է նրա ձեռքից և պայթել, որի հետևանքով նա զրկվել է երկու ոտքերից: Այժմ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Գործակալությունը, վկայակոչելով Թաիլանդի կառավարության մամուլի քարտուղարին, գրում է, որ ամենայն հավանականությամբ, պայթյունն իրականացնողը եղել է Իրանի քաղաքացի:
Հիշեցնենք. հունվարի վերջին Թաիլանդում ԱՄՆ-ի և Իսրայելի, նրանցից հետո մի շարք այլ երկրների դեսպանատներ հայտարարեցին, որ իրանամետ ծայրահեղական կազմակերպությունների կողմից այդ երկրի մայրաքաղաքում ահաբեկչություններ են նախապատրաստվում: