ԱՄՆ ամենախոշոր Bank of America-ն սկսել է մեծածավալ ստուգումներ անցկացնել բանկում, քանի որ WikiLeaks-ի հրապարակումները կարող են մեծ հարված հասցնել բանկին:
Ինչպես հաղորդել է The New York Times թերթը, մոտ 20 փորձագետներից կազմված խումբը փորձում է պարզել, թե WikiLeaks սկանդալային կայքում ի՞նչ տիպի տեղեկություններ կարող են հրապարակվել: Բացի այդ, բանկը դիմել է մի շարք հայտնի իրավաբանական կազմակերպությունների, ինչպես նաև խորհրդատվական Booz Allen Hamilton ընկերությանը` նվազեցնելու համար հրապարակման հետևանքները:
«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ WikiLeaks-ի հիմնադիրն իր հարցազրույցներից մեկում տեղեկացրել է, որ պատրաստվում է նոր «գրոհների», իսկ առաջիկա թիրախներից մեկը լինելու է ամերիկյան խոշոր բանկերից մեկը: Մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ այդ բանկը հավանաբար Bank of America-ն է:
Բանկից այս տեղեկությունները դեռ չեն մեկնաբանում, սակայն The New York Times-ին հաջողվել է պարզել, որ փորձագետները դեռ չեն հայտնաբերել, թե հատկապես ինչպիսի՞ տեղեկություններ են հանվել բանկից, և արդյո՞ք դրանք հանվել են, թե՞ ոչ: