Ինչպես ռուսական Gazeta.ru կայքին հայտնել է Հարավային Օսիայի ընտրություններում հաղթած, սակայն այդ հաղթանակից զրկված նախագահի թեկնածու Ալլա Ջիոևայի մերձավորներից մեկը` Էլինա Միրզոևան, Ջիոևայի վիճակը շարունակում է մնալ ծանր. նա կոմայի մեջ է:
«Նրա վիճակը ոչ թե կապված է այն շոկի հետ, որն առաջացել էր հատոկ ջոկատայինների ներխուժումից և շտաբի ավերումից հետո, այլ որովհետև զենքով հարվածել են նրա գլխին: Հնարավոր է, որ դա ուղեղում արյան զեղում է առաջացրել: Այդ մասին վկայում են ականատեսները, որոնք գտնվել են նրա կողքին: Նա ուշքի չի եկել»,- ասել է Միրզոևան:
Նշվում է, որ Ջիոևայի մոտ թողել են միայն նրա եղբորը, հիվանդանոցը շրջապատված է ոստիկանության կողմից: Ջիոևայի կողմնակիցները նույնպես գտնվում են հիվանդանոցի մոտ:
Հիշեցնենք, որ Ջիոևան այսօր պատրաստվում էր կազմակերպել իր երդման արարողությունը, թեպետ պետությունն այդ հաղթանակը չէր հաստատել: Կանխելու համար այդ զարգացումը, Հարավային Օսիայի ղեկավարությունը որոշում էր կայացրել ձերբակալել նրան: