Հնարավոր է ՀԺ լրագրող Հայկ Գևորգյանի դեմ ատամ ունեն: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը`անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորմանը:
Պատգամավորն իր վրդովմունքն արտահայտեց լրագրողի անհասկանալի կալանավորման վերաբերյալ: Նա մասնավորապես վրդովվել է, երբ կարդացել է, որ լրագրողը հետախուզման մեջ է եղել: «Ինչպե՞ս կարող էր հետախուզվող մարդը երեկ` փետրվարի 2-ին կառավարության շենքում իր աշխատանքային գործունեությունը ծավալեր: Երեկ ես նրան տեսել և զրուցել եմ կառավարության շենքում: Նրա կալանավորման մեջ անհամատեղելիություն եմ տեսնում: Ինձ համար հասկանալի չէ` նոնսենս»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Պատգամավորը չբացառեց, որ իրենք կգնան կալանավայր Հայկ Գևորգյանի հետ տեսակցությանը: Սակայն այս հարցը կորոշեն այսօր երեկոյան կուսակցության վարչության նիստի ընթացքում:
«Հնարավոր է ատամ ունեն Հայկ Գևորգյանի դեմ և այս պարզունակ ձևով ցանկանում են իրականացնել»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տանից դուրս գալուց կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը: