Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մինչև փետրվարի 29-ը կամ մարտի 1-ը պետք է որոշում կայացնի երկրի Ազգային ժողովի ու Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ:
Մինչ այդ Սահմանադրական խորհուրդն իր անդամներից մեկին հանձնարարելու է համապատասխան զեկույց պատրաստել տվյալ հարցի շուրջ: Սահմանադրական խորհրդի կողմից ցանկացած որոշման ընդունման համար անհրաժեշտ է նրա անդամներից նվազագույնը 7-ի աջակցությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Սենատն ընդունեց (127 կողմ, 86 դեմ) Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Սակայն հունվարի 31-ին այդ օրինագծի ընդունման կապակցությամբ իրենց անհամաձայնությունը հայտնած պատգամավորները դիմեցին Սահմանադրական խորհուրդ՝ օրինագիծը հակասահմանադրական (33-րդ հոդված) որակելու և չեղյալ հայտարարելու համար:









































