Լոնդոնի Կենդանաբանական թանգարանում բացվել է նկարների ցուցահանդես, որոնց հեղինակները կենդանիներն են: Այդ մասին հայտնում է BBC News-ը: Ցուցահանդեսը, որի մուտքն ազատ է, բացվել է փետրվարի 1-ին և շարունակվելու է մինչև մարտի 9-ը:
Ցուցադրության են ներկայացվել գործեր որոնք նկարել են փղերը, շիմպանզեները, օրանգուտանները, գորիլաները և այլ կենդանիններ: Կենդանի-նկարիչները իրենց նկարները ստեղծել են աշխարհի տարբեր գազանանոցներում, որից հետո արվեստի այդ գործերը հավաքվել են մեկ վայրում: Ցուցադրության կազմակերպիչները նշել են, որ այս ցուցադրությունը իր բնույթով առաջինն է:
Ինչպես նշում է Orange News-ը, փղերի նկարներում կարելի է տեսնել ծառեր կամ տերևներ, իսկ կապիկների գործերը ավելի շատ մոտ են աբստրակցիոնիզմին:
Աշխարհի կենդանաբանական այգիներում կենդանիներին հաճախ զվարճացնում են գեղանկարչությամբ: Սովորաբար նկարչության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մարդանման կենդանիները, փղերը, ձիերը և այլ խոշոր կենդանիներ:







































