Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կընդունի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը`անդրադառնալով արտաքին քաղաքական վերջին զարգացումներին:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ Սահմանադրական խորհուրդը նույնպես դրական որոշում կկայացնի` վեր կանգնելով թուրքամետ կազմակերպությունների առաջարկներից:
«Հուսով եմ՝ օրենքի գերակայությունը կլինի խորհրդի համար բարձրագույն արժեք, որին կհաջորդի եվրոպական մյուս պետությունների կողմից այս օրենքի ընդունումը: Սրանք այն պտուղներն են, որոնք մենք ստանում ենք և այս տարի այլ տեղաշարժերի և հայամետ քաղաքականության ականատեսը կդառնանք»,- նշեց Գ. Մելիքյանը` հավելելով, որ այդ ամենը կանդրադառնա նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ՀՀԿ-ի համար գալիք ընտրությունները ինքնանպատակ չեն. ՀՀԿ-ն մասնակցում է ընտրություններին մեծամասնություն կազմելու և նախագահական ընտրություններին հաղթելու նպատակով:
Բանախոսը խոսեց նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ՝ ասելով, որ խնդրի կարգավորումը տեսնում է ինքնորոշման վրա հիմնված լուծման մեջ:
«Ես առաջիկա ամիսների ընթացքում լուրջ տեղաշարժեր չեմ տեսնում: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շնորհիվ նույն վիճակը կպահպանվի: Մեր բանակի հզորությունը, ժողովրդի կամքը թույլ չեն տա Ադրբեջանին հոխորտալ»,- ամփոփեց Գագիկ Մելիքյանը:






































