Ղազախստանի Կարագանդա քաղաքի կենդանաբանական այգում կապիկների ամենօրյա ճաշացանկում ներառել են գինի: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով այգու գլխավոր մասնագետին:
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ կագորը կօգնի կենդանիներին պաշտպանվել ցրտից և ամրապնդել իմունիտետը: Օրական յուրաքանչյուր կապիկի տրվում է 50 գրամ կագոր: Գինին լցնում են ափսեի մեջ՝ դրա մեջ հավելելով մրգեր և շաքարավազ: Մասնագետը նշել է, որ կենդանիները հաճույքով են խմում գինին:
Նշենք, որ Կարագանդայում այժմ խիստ ցուրտ եղանակ է: Փետրվարի 3-ին այստեղ գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 32 աստիճան ցուրտ:
Կագորը խաղողի մալբեկ տեսակից պատրաստվող գինի է, որը ստանում են գինու հումքի ջերմային վերամշակման ճանապարհով: