Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման դեպքում շահութահարկի նվազեման մասին կառավարության այսօրվա որոշումը կխթանի տեղական շուկայի աճը: Ձենարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ շահութահարկի նվազեցումը միայն ՏՏ ոլորտի ձեռնարկությունների համար չէ, դա ընդհանրապես տնտեսության տարբեր ոլորտներում ՏՏ և ինովացիայի օգտագործման դեպքում է, այդ թվում՝ ՏՏ ոլորտում ծախսերի նվազեցման հնարավորություն է:
«Դա կխթանի, որ տնտեսության տարբեր ճյուղերում նորարարությունն ու ՏՏ-ն օգտագործվեն, որը հնարավորություն կտա այդ կազմակերպությունները այդ լուծումները ձևակերպեն և շահութահարկից հանեն: Պատվերները կսկսեն շատանալ: Որքան շատ ձեռնարկությունները սկսեն ՏՏ օգտագործել, որից իրենց արդյունավետությունը կբարձրանա և առավել ևս հարկային բեռ չի լինի, այնքան դա կազդի տեղական շուկայի զարգացման վրա»,- ասաց Բ. Ենգիբարյանը:
Նրա խոսքով, ՏՏ հանրությունը սպասում էր, որ շահութահարկից ազատեն ողջ ոլորտը, բայց հիմա ընդամենը ՏՏ ծախսերն են նվազեցվում: Բ. Ենգիբարյանը հայտնեց, որ ՏՏ զարգացման աջակցության խորհրդի նիստում շահութահարկից լիովին ազատելու հարց չի բարձրացվել: «Դա լուրջ հարց է, պետք է տնտեսական հաշվարկ ներկայացվի կառավարություն, որ հասկանան, թե ինչքանով է նպատակահարմար և ինչու հենց ՏՏ-ն ազատել շահութահարկից»,- ասաց նա:
Նշենք, որ Թուրքիայում ՏՏ ոլորտն ամբողջովին ազատված է եկամտահարկից ու շահութահարկից, իսկ Վրաստանում կան հատուկ ազատ գոտիներ:









































