Շենգավիթ վարչական շրջանի դատարանը` նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, այսօր որոշեց համաներմամբ ազատ արձակել Արմեն Սարգսյանին (մականունը` «Գայդ») և Արման Գեւորգյանին (մականունը`«Ծիծակ»): Նրանք մեղադրվում էին մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ-ից Երևան թանկարժեք մեքենաներ ներմուծելու մեջ:
Հիշեցնենք, ըստ քրեական գործի նյութերի` «Ծիծակ»-ը մեկնելով ԱՄՆ` բնակություն էր հաստատել այնտեղ և որոշել լուրջ փողեր աշխատել` Վրաստանով, մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաներ ուղարկելով Հայաստան և վաճառելով:
Նա համոզված է եղել, որ ԱՄՆ-ում գողացված ավտոմեքենաների` Հայաստանում հաշվառման ընթացքում գողության և մաքսանենգության փաստը չի բացահայտվի, քանի որ Հայաստանի իրավապահ մարմինները Ամերիկայում գողացված մեքենաների փաստերի ստուգումն իրականացնում են Եվրոպայի Ինտերպոլի ունեցած տվյալներով: Իսկ ԱՄՆ-ը իր երկրում հափշտակված ավտոմեքենաների վերաբերյալ Եվրոպայի Ինտերպոլի մարմիններին տվյալներ չեն տրամադրում:
Արդյունքում հասցրել էին 24 թանկարժեք ավտոմեքենա ներմուծել և իրացրել: Դատարանի դատավճռով որոշվել է այդ ավտոմեքենաները բռնագրավվել:
Ի դեպ այս գործը կապվում էր ԱԺ պատգամավոր Կարապետ Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, ամբաստանյալներից մեկը նրա վարորդն էր: Ի դեպ, դատարանի շենքի մոտ մենք հանդիպեցինք Կարապետ Կարապետյանին, ով դատարանի դահլիճ չմտավ: Իսկ մեր հարցին ի պատասխան` ասաց, որ գործով է եկել: Մանրամասները` «Ժամանակի» առաջիկա համարում:












































