Երևանում կառուցած արտաքին լուսավորության ցանցերը կնվիրվեն Երևանի քաղաքապետարանին: Կառավարությունն այսօր նիստում որոշեց ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի այդ նվիրատվությունը:
Գործադիրը նաև համաձայնել է Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող «Ռադիո» ՓԲԸ բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 30 մլն 849 հազար 300 դրամի մի մասն ուղղել Պ. Սևակի փողոցի հիմնանորոգմանը, մյուս մասը` համայնքի գլխավոր հատակագծի մշակմանը։
Գործադիրը հաստատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը և ձևը։
Նիստում նաև հավանություն է տրվել «Պետական կենսաթոշակների մասին», «Բռնադատվածների մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով կատարելագործվում են կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու և մի շարք այլ հարցերի առնչվող իրավահարաբերությունները։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում, ՀՀ ընտանեկան և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը և եզրակացրել, որ նույն կարգով ԱԺ ներկայացված կառավարության օրինագծերի փաթեթն առավել համապարփակ և ամբողջական կարգավորում է տալիս մարդու նշված իրավունքի իրացմանը` բացառելով վերջինիս առևտրային նպատակով օգտագործումը, ինչը թույլատրված է պատգամավորի ներկայացրած նախագծերի փաթեթով։ Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է օրինագծին և պնդում է նախագծերի փաթեթի իր ներկայացրած տարբերակը։
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։










































