Հունվարի 31-ին 102 տարեկանում մահացել է ամերիկացի նկարչուհի և բանաստեղծուհի Դորոթեյ Թանինգը` սյուրռեալիզմի ամենատարեց ներկայացուցիչը: Ինչպես գրում է The New York Times-ը, նկարչուհու մահը հաստատել է նրա բարեկամուհին` Միմի Ջոնսոնը:
Թանինգը ծնվել էր 1910 թվականին Գեյլսբուրգում: 1930-ական թվականներին գեղանկարչություն է սովորել Չիկագոյում, իսկ 1936 թվականին` Նյու Յորք տեղափոխվելուց հետո, սկսել է հետաքրքրվել ժամանակակից արվեստով, սյուրռեալիստներով և դադաիստներով:
Դորոթեյ Թանինգը առավել հայտնի է իր սյուրռեալիստական գործերով, որոնք նա ստեղծել էր 1940-1950-ական թվականներին: Նյու Յորքում նա սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկի՝ Անդրե Բրետոնի շրջապատում էր, իսկ ավելի ուշ ծանոթացել է նկարիչ Մաքս Էնսթոնի հետ, որի հետ ամուսնացել է 1946 թվականին:
Նկարչուհին մեծ ուշադրություն էր դարձնում մանրամասներին, նրա նկարների մեծ մասում առկա են անհանգիստ կերպարներ:
Թանինգը հայտնի է նաև որպես քանդակագործ. կարի մեքենայի օգնությամբ նա ստեղծել է փափուկ քանդակներ: Բացի այդ, նա ստեղծել է դեկորացիաներ և կոստյումներ Ջորջ Բալանչինի բալետի համար, ինչպես նաև գրքային նկարազարդումներ:
80 տարեկանից հետո Թանինգը սկսում է հուշագրեր, բանաստեղծություններ և արձակ գործեր գրել, որոնք հրատարակել են The New Yorker-ում, The Yale Review-ում և The Paris Review-ում:











































