ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հուսով է մինչև հունիս ավարտին հասցնել Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վերաբերյալ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը.
«Տարեվերջին ավարտվում է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը: Վարձակալության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նոր համաձայնագիրը պետք է կնքվի այդ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ: Առաջիկա երկու շաբաթներին Մոսկվա է այցելելու Ադրբեջանի պետական պատվիրակությունը՝ Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար:
Ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ հարցի լուծման համար: Մենք մեր ղեկավարությունից ստացել ենք բոլոր անհրաժեշտ ցուցումները: Մնացյալ հարցերը կրում են մաքուր տեխնիկական բնույթ: 10-15 օր անց Մոսկվայում տեղի կունենա միջպետական պատվիրակությունների հանդիպումը»:








































