РБК-ի փոխանցմամբ՝ ռուսական Сибирь և վրացական Airzena ավիաընկերությունները փաստացիորեն վերականգնել են Ռուսաստանի ու Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը, ինչն ընդհատվել էր ավելի քան 3 տարի առաջ՝ ռուս-վրացական պատերազմի պատճառով:
Ավիաընկերություններն իրենց կայքերում բաց ձևով վաճառում են համապատասխան ավիատոմսեր՝ թեև ավիացիոն գերատեսչությունները հայտարարում են, որ այդ չվերթները չարտերային են: Ռուսական ընկերությունը հայտնում է, որ «Մոսկվա-Թբիլիսի» չվերթը կրելու է կանոնավոր բնույթ:
Նշվում է, որ ուղիղ չվերթով Ռուսաստանից Վրաստան հասնելը թանկ հաճույք է: Տոմսերը կրկնակի թանկ են, քան, ասենք, երրորդ երկրի (Ուկրաինայի կամ Բելառուսի) միջոցով: Ռուսական ընկերությունը տոմսի գինը սահմանել է 15,500 ռուբլի: Գրեթե նույնպիսի տարիֆ է սահմանել վրացական ընկերությունը:
Փորձագետները նշում են, որ երկու երկրների միջև ավիաչվերթները շատ պահանջարկված են: