Համապետական ընտրությունները տարիներ շարունակ եղել են հայաստանյան լրատվամիջոցների՝ մասնավորապես հեռուստաընկերությունների բյուջեի հարստացման միջոցը: Ավելին՝ հեռուստաընկերությունները, որոնք հայտնի են իրենց հետևում այս կամ այն օլիգարխի հովանավորությամբ, նախընտրական շրջանում քաղաքական գովազդի համար աստղաբաշխական արժեքներ սահմանելով` եղել են խոչընդոտ ընդդիմադիր թեկնածուների առավել ակտիվ քարոզարշավին և վերջիններիս ծրագրային դրույթների տարածմանը:
Ու պարզ է, որ քաղաքական գովազդի մեկ րոպեի համար ամենաքիչը 80 հազար դրամ պահանջող հեռուստաընկերությունը փակում է իր դուռը այն թեկնածուների առջև, որոնք մասնակցում են ընտրություններին ոչ թե կաշառք բաժանելու նպատակով, այլ ունեն ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսվող նվազագույն բյուջեն և կարևոր ծրագրեր
Հիշեցնենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական գովազդի մեկ րոպեի սակագինը տատանվում էր 80-110 հազարի սահմաններում: Օրինակ` Հանրային հեռուստաընկերությունում նախընտրական շրջանում քաղաքական գովազդի 1 րոպեն սահմանվել էր 80.000 դրամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում քաղաքական գովազդի 1 րոպեի արժեքը սկսվում է 100.000 դրամից ե՛ւ մեծամասնականի, ե՛ւ համամասնականի համար, «Հ-2»-ում՝ 108.000 դրամ համամասնականի համար, մեծամասնականի համար` 60.000 դրամ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի 4-րդ կետում ասվում է, որ նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը` նվազագույն աշխատավարձի 100.000-ապատիկը չգերազանցող գումար: ԸՕ-ի նախկին տարբերակում այս գումարներն ավելի քիչ էին, իսկ ահա հեռուստաընկերությունների սահմանած մեկ րոպեի արժեքը չափազանց մեծ է, որ օրենքով նախատեսված բյուջե ունեցող կուսակցությունը կամ թեկնածուն կարողանար ողջ նախընտրական շրջանի ընթացքում գոնե ամեն օր բոլոր հեռուստաընկերություններում եթեր ունենալ:
Այս անգամ, սակայն, ԸՕ-ի փոփոխություններով մի շատ հետաքրքիր դրույթ է ավելացվել, որը նախկինում չկար, և որը մեծ հարված կլինի ընտրությունների հաշվին հարստացող հեռուստաընկերությունների համար: Մասնավորապես, ըստ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդված 4-րդ կետի՝ համապետական և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հրապարակվում է իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:
Իսկ նույն հոդվածի 5-րդ կետով էլ հստակեցվում է, որ սույն դրույթը հավասարապես տարածվում է նաև թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձևից:
Այսպիսով, արդեն իսկ կարելի է ասել, որ հեռուստաընկերություններն այլևս չեն կարող նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց ախորժակից ելնելով քաղաքական գովազդի մեկ րոպեի համար արժեքներ սահմանել, այլ այն պետք է լինի ճիշտ այնքան, որքան ներկայումս տվյալ հեռուստաընկերությունը գովազդ է տեղադրում իր եթերում: «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել, թե այս պահին գովազդային ինչ սակագներ են սահմանված հայաստանյան հեռուստաընկերություններից մի քանիսում:
Պարզվում է` Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում երեկոյան ժամերին (ժամը 18.00-ից հետո) գովազդի մեկ րոպեն արժե 180 հազար դրամ: «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում երեկոյան ժամերին (ժամը 18.00-ից հետո) գովազդի մեկ րոպեն արժե 24 հազար դրամ: «Արմնյուզում» երեկոյան ժամերին մեկ րոպեի համար գովազդատուն վճարում է 25 հազար դրամ: Իսկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում երեկոյան ժամերին գովազդի մեկ րոպեն արժե 30 հազար դրամ: «Դար-21» հեռուստաընկերությունում գովազդի մեկ րոպեն, անկախ այն հանգամանքից, թե օրվա որ ժամին է գովազդը հեռարձակվում, արժե 25 հազար դրամ, ինչը, սակայն, վերջնական գին չէ:
Ի դեպ, գովազդային բաժնից մեզ նաև հայտնեցին, որ հեռուստաընկերությունում գործում է սակագնային ճկուն քաղաքականություն, այսինքն` որքան մեծ է գովազդային փաթեթի գինը, այնքան ճկուն է տարվում սակագնային քաղաքականությունը: Օրինակ` գովազդի համար 500-600 հազար դրամ վճարելու դեպքում հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող գովազդի 1 րոպեի գինը կարող է նվազել` հասնելով մինչև 15 հազար դրամի: ATV հեռուստաընկերության եթերում երեկոյան ժամերին (ժամը 18.00-ից հետո) գովազդի մեկ րոպեն արժե 42 հազար 300 դրամ: Իսկ ահա «Հ2» հեռուստաալիքի եթերում երեկոյան ժամերին (ժամը 18.00-ից հետո) գովազդի մեկ րոպեն արժե 60 հազար դրամ` գումարած ԱԱՀ-ն:
Կարող ենք ասել, որ արդեն իսկ հայտնի են, թե նախընտրական քարոզչության ժամանակ ինչ սակագներ են սպասվում ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցություններին և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին: Իսկ հաշվի առնելով այս սակագները, կարող ենք նաև ասել, որ հեռուստաընկերություններից շատերը, թերևս, անտեղյակ են, որ ընտրական օրենսգրքում նման փոփոխություն է արվել: Ու թերևս այս անգամ, օրենքով ամրագրելով այս դրույթը, դժվար թե ԿԸՀ-ն ու ՀՌԱՀ-ը աչք փակեն հեռուստաընկերությունների քաղաքական գովազդի համար նախատեսված գների կայմայական թանկացումների վրա:






































