Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հանդես եկավ 2011 թվականի ժողովրդագրության ամփոփիչ ասուլիսով:
Նա տեղեկացրեց, որ հունվար ամսի ավարտին արդեն հայտնի են դառնում ժողովրդագրության նախնական օպերատիվ ցուցանիշները` հավելելով, որ 2011 թվականին անցկացվող մարդահամարի արդյունքները դեռ չի կարող ներկայացնել:
Ըստ Կույումջյանի՝ ՀՀ մշտական բնակչության ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ, 2001 թվականի մարդահամարի հիմքով կազմում է 3274.3 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը՝ 2096.0 մարդ, իսկ գյուղականը՝ 1178.3:
Ներկայացնելով 2011 թվականի ծնելիության և մահացության ցուցանիշները` բանախոսը տեղեկացրեց, որ 2011 թվականի հունվար-դեկտեմբերի ընթացքում գրանցվել է 43 հազար 447 ծնունդ, ինչը նախորդ տարվա համեմատ 3.1 տոկոսով նվազել է: Մահացել է 28030 մարդ. 2010-ի համեմատ այս ցուցանիշը աճել է 0.4 տոկոսով: Կույումջյանը հավելեց, որ 2011 թվականին մեռելածնության դեպքերը 851-ն էին. անցյալ տարվա համեմատ աճ է գրանցվել:







































