ՀՀ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առումով ներքին տնտեսական հարաբերություններով մենք հեռու ենք եվրոպական չափանիշներից, բայց չափորոշիչների պահով պետք է որ բավականին մոտ լինենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Նա առավել կարևորեց ազատ առևտրի համաձայնագրի կյանքի կոչումը, որի դեպքում հնարավոր կլինի արտաքին ազդակների շնորհիվ մեր ներքին տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ իրականացնել:
«Ցանկացած պարագայում նման հարաբերությունները դրական են ազդում թե՛ երկրի ներքին քաղաքական իրավիճակի վրա, թե՛ տնտեսական, թե՛ այլ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ավարտվում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի Հայաստանի կողմից բանակցություններին ընդառաջ կատարված աշխատանքների վերջնական գնահատականի ժամկետը: Փետրվարի վերջին Բրյուսելում կայանալու է համապատասխան բարձրաստիճան կոմիտեի նիստը, որտեղ քննարկվելու է մեր երկրի` բանակցությունների մեկնարկին պատրաստ լինելու հարցը:








































