Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառա¬յության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունվարի 31-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խոր¬հր¬դում տեղի է ունեցել հանդիպում քաղաքացիական ծառայողների հետ:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը շնորհակալագրեր է հանձնել համակարգում ընդգրկված 15 մարմինների թվով 16 քաղաքացիական ծառայողների` համակարգի ներդրման, կայացման և զարգացման անցած ժամանակաշրջանում կատարած ամբասիր, բարեխիղճ աշխատանքի համար:
«Առաջին լրատվական»-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից տեղեկանում է, որ ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը նախ` շնորհավորել է քաղծառայողներին` համակարգի 10-ամյակի կապակցությամբ, ապա` շնորհակալություն հայտնել աշխատանքի նկատմամբ ցուցաբերած սրտացավության, բարձր պատասխանատվության համար:
«Ես ուզում եմ ի դեմս Ձեզ` շնորհակալություն հայտնել նաև բազմահազար մյուս այն քաղաքացիական ծառայողներին, ովքեր իսկապես արժանի են գնահատանքի իրենց գործունեության, նվիրվածության համար:
Մեր գերակա խնդիրներից է լինելու քաղաքացիական ծառայության որակի բարձրացումը, ինչն առաջին հերթին հնարավոր է որակյալ, բանիմաց և ամենակարևորը` ծառայություն ասվածի էությունը խորապես ընկալած անհատներով, մասնագետներով համալրման, ինչպես նաև մեր ծառայողների իրավական, բարոյական ու սոցիալական պաշտպանվածության առավել գործուն մեխաիզմների ներդրման միջոցով:
Բոլորի համար այսօր առավել քան ակնհայտ է, թե ինչ անկյունաքարային նշանակություն ունեն դրանք համակարգի արդյունավետության և կայունության ապահովման համար»,- դիմելով ներկաներին` ասել է ՀՀ ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Համակարգի ներդրման հոբելյանի կապակցությամբ մի խումբ քաղաքացիական ծառայողներ հունվարի 20-ին արժանացել էին ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրերի:
ՀՀ ՔԾ Խորհուրդը համակարգի ներդրման, կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար իր հերթին շնորհակալագրեր է հանձնել նաև մի քանի գիտաուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների և լրատվամիջոցների:
Քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանում ներդրվել է 2002թ. հունվարից ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա:
Այսօր համակարգում 47 պետական մարմիններ են, քաղաքացիական ծառայության թվով 7643 պաշտոններով: Անցած 10 տարիներին համակարգում կայացել է մոտ 8 հազար թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ, որոնց մասնակցել է ավելի քան 30 հազար քաղաքացի:






































