Վերջին ժամանակաշրջանում դատարաններում շատացել են թրաֆիքինգի` անձնական շահ ստանալու նպատակով մարդկանց սեռական և այլ շահագործման ենթարկելու մեղադրանքներով գործերը: Այդ առումով հատկապես աչքի են ընկնում Շենգավիթի և Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:
Ի տարբերություն Շենգավիթում քննվող գործերի, որոնց դեպքում պոռնիկներն ու մարմնավաճառներն իրենք են իրենց գլխի տերը` իրենք են որոշում իրենց ծառայությունը, դրա գինը, տևողությունը, սպասարկման սուբյեկտների քանակը, շահույթի տնօրինման ձևը, Կենտրոնում քննվող գործերով այդ ամենը որոշում են շահագործման ենթարկվողների կազմակերպիչները, այսպես ասած` «մամա-ռոզաներն» ու «պապա-տյուլպանները»:
Օրինակ` Կենտրոնի դատարանում քննվող մի գործով որպես մեղադրյալ է անցնում Անի Հովսեփյանը, իսկ նրանից տուժածները Լիլիթ Կարապետյանն ու նրա քույր Քրիստինեն են: Պոռնկությամբ զբաղվող Անին մեղադրվում է այն բանի համար, որ նա իր «աշխատանքային» գործունեության ընթացքում ծանոթացել է Քրիստինե Կարապետյանի հետ և տեղեկանալով, որ վերջինս եղել է մանկատան սան, քրոջ հետ բնակվում է վարձով և ունի ֆինանսական խնդիրներ, օգտագործել է այդ հանգամանքները և համոզել, դրդել է քույրերին` սեռական հարաբերություն ունենալ անծանոթ տղամարդկանց հետ: Ըստ քրեական գործի նյութերի` Անի Հովսեփյանը դա արել է` իմանալով, որ նրանք մինչ այդ «աշխատանքի» այդ ձևերով չեն զբաղվել:
Նույն դատարանում քննվող մեկ այլ գործով և՛ ամբաստանյալներն են շատ, և՛ նրանցից տուժողները: Հաշվի առնելով նախաքննությամբ ձեռք բերված տվյալները` կարելի է եզրակացնել, որ ամբաստանյալների գործունեությունը ավելի մեծ մասշտաբ է ընդգրկում և կազմակերպված ցանց է հիշեցնում:
Աղունիկ Այվազյանը մեղադրվում է այն բանի համար, որ մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու ու պահելու դիտավորությամբ միավորվել է Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող իր համախոհների հետ` Նելլի Ներսիսյանի, Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ:
Նրանց հետ միասին Աղունիկը ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ և հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով և ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունն օգտագործելով, ներգրավել է նրանց մարմնավաճառության և պոռնկության մեջ ու ստացել նրանց վաստակած գումարները:
Ի դեպ, մայրաքաղաքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Նաիրիի շրջանի հաշվառում ունեցող, բայց Երևանում բնակվող յոթ մեղադրյալներից հինգը, այդ թվում` Աղունիկը, կալանավորված են, երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Իսկ գործով ութ տուժածները Լոռու մարզից են, մասնավորապես` Ստեփանավանից, ինչպես նաև Երևանից ու հարակից Հաղթանակ գյուղից:
«Ժամանակ»












































