Այսօր «Քլաբարատորիա»-ում «ԱրմՔոմեդին» պաշտոնապես «բացեց» «Պուտին» «սիրողական, մեծարման» ակումբը: Միջոցառման մեկնարկին նախաձեռնող տղաները կտրեցին կարմիր ժապավենը, որին հաջորդած հիմնադիր ժողովում երիտասարդները միաձայն ակումբի առաջին քարտուղար ընտրեցին Նարեկ Մարգարյանին: Քլաբորատորիայում հավաքված հյուրերին ողջունեց ակումբի նախագահ Սերգեյ Սարգսյանը:
«Մենք ուրախ ենք Ձեզ ողջունելու Հայաստանում առաջին «Պուտին» ակումբի բացմանը: Ակումբի նպատակն է հանրայնացնել հայ ազգի համար շատ կարևոր և օգտակար «Պուտին» ֆենոմենը, ստեղծել մի վայր, որտեղ հայերը կկարողանան միավորվել և միասին քննարկել և մեծարել այդ մարդուն, ստեղծել գրականության փոխանակման կենտրոն Պուտինի աշխատանքային և կենսագրական տվյալները փոխանակելու և հանրայնացնելու համար: Այդ ամենը մենք անում ենք՝ ելնելով ռազմահայրենասիրական այն նպատակներից, որը մեզ հետ կիսում են մեր գաղափարակիցները»,- իր բացման խոսքում նշեց Սերգեյ Սարգսյանը: Նա նաև հայտարարեց, որ օգտագործելով առիթից ցանկանում է օգնության ձեռք մեկնել երեկ Երևանում բացված ևս մեկ «Պուտին» ակումբի ներկայացուցիչներին:
«Պուտին» ակումբի առաջին քարտուղար Նարեկ Մարգարյանը մեծ ուրախությամբ ողջունեց ներկաներին: Նա նշեց, որ այս ակումբի բացումը Պուտինի հանրայնացմանն ուղղված առաջին քայլն է:
«Մենք պատրաստվում ենք բացել նման ակումբներ բոլոր քաղաքներում, բոլոր գյուղերում, որպեսզի Պուտինի խոսքը տարածվի ամենուր: Բացի այս ամենից, նաև որոշել ենք մեր նախաձեռնող խմբով փետրվարի 8-ից մարտի 7-ը հայտարարել Պուտինի մեծարման միամսյակ»,- ասաց Ն. Մարգարյանը:
Ակումբի բացումը «Արմքոմեդի»-ի տղաներն ազդարարեցին «Պուտինկա» օղու և թթու վարունգների համտեսով: Լրագրողների այն հարցին, թե ինչ կասեն տղաներն այս ամենի մասին ոչ թե հումորի, այլ իրականության տեսակետից, պատասխանեցին, որ մարդ միշտ պետք է պատասխանատվություն կրի իր քայերի և բացած կազմակերպությունների կամ ակումբների համար:
Ամենայն հավանականությամբ, տղաների այս քայլն այն ամենի պատասխանն էր, որն արդեն մեկ շաբաթ է հանգիստ չի տալիս սոցցանցերին. երեկ բացվեց Երևանի առաջին «Պուտին » ակումբը: Թե որ «Պուտին» ակումբում են իսկապես մեծարելու Վլադիմիր Պուտինին՝ «ԱրմՔոմեդի»-ի տղաները թողնում են պուտինասերների հայեցողությանը:








































