«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
Հակադարձելով երեկ ՀԱԿ համակարգողի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն թալանով է զբաղված, Մկրտիչ Մինասյանը նկատեց. «Ես իրեն չեմ հավասարվի, երևի քաղաքական տեխնոլոգիա է, նույն բառապաշարն է` ավազակապետություն. նույն աղբանոցն է»:
Գրիգոր Հարությունյանը կոչ արեց երկրի զարգացման համար գործի դնել տոլերանտություն. «Որ ավազակապետություն է՝ դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Ես ձեզ երբեք չեմ կարող քրեածին, բանդիտ անվանել, պարոն Մինասյան»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք այդպիսին են:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի երեկվա` քաղաքական ուժերի համախմբմանը վերաբերող հայտարարությանը՝ Մկրտիչ Մինասյանը նշեց. «Օսկանյանը փորձառու դիվանագետ է, այժմ էլ փորձում է քաղաքականության մեջ հանդես գալ, ըստ երևույթին, արևի տակ տեղ է փորձում փնտրել՝ թող փնտրի…
ՀՀԿ-ն երբեք պատասխանատվությունից չի խուսափելու, մեր կուսակցությունը այն կուսակցությունն է, որ միշտ ինքն է պատասխանատվություն վերցնում՝ անկախ նրանից, թե որ կուսակցության անդամներն են պաշտոններ զբաղեցնում»:
«Չստացվի այնպես, որ որոշ ժամանակ հետո մենք ասենք` թատրոն էր… Մենք նախընտրական շրջանում շատ ենք հանդիպել նման գործընթացների: Նույն ԲՀԿ-ն ընդունել է Ընտրական օրենսգիրքը, իսկ հիմա ասում են, թե կողմնակից են հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին: ԲՀԿ-ն բարի լիներ` հանդես գար այդ նախաձեռնությամբ, թե չէ հիմա` ի՞նչ լսումներ…»,- նշեց Գ. Հարությունյանը:
Մ. Մինասյանը նշեց, որ ժամանակն է կամք ցուցաբերել և արդար ընտրություններ անցկացնել, և անընդունելի է «այս գլխից հայտարարել, թե՝ կես միլիոն ձայն պատրաստվում եք կեղծել, այսինքն` գիտակցում եք, որ ձեր ուզած ձայները չեք ստանալու, ասում եք` կեղծեցին»:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի պարզաբանման՝ ՀՀԿ ցուցակը դեռևս հայտնի չէ, ամենայն հավանականությամբ՝ կլինեն նոր մարդիկ, որոնք ունեն քաղաքական կշիռ:Կարող են լինել առանձին դեպքեր, երբ մարդը ընտրատարածքում բազմահազար աջակիցներ ունի, այդ դեպքում ինչո՞ւ չառաջադրվի: Անձերի, կոնկրետ՝ Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, Վազգեն Մանուկյանի անունները չեն քննարկվել. ես կարծում եմ, որ ասելիք ունեցող մարդկանց ներուժը պետք է հաշվի առնել, բայց խոսքս, իհարկե, կոնկրետ այդ անձերին չի վերաբերում:
ՀԺԿ-ն գոհ չէ ցուցակում իրեն տրվող տեղերից` հավաստիացրեց Գ. Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, թե ՀԺԿ-ն դժգոհություններ է հայտնել:
«Այժմ հայտնի է, որ դաշինքով ենք գնալու, ցուցակը չի քննարկվել: Ինձ համար խնդիր չէ, գուցե իմ անունը անցողիկ տեղերում չլինի, դա ինձ համար ինքնանպատակ չէ»:
Գ. Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ի ցուցակը կազմելիս առաջնային տեղերում պետք է լինեն մարդիկ, ովքեր դավաճան չեն, անբիծ են ու լիդեր. «Այդպիսի բա՞ն է եղել… Գուցե լրագրո՞ղն է սխալ հասկացել»:
Լրագրողների հարցին՝ ո՞ւմ կուզենար տեսնել ՀԱԿ-ի ցուցակի երկրորդ տեղում՝ Ստեփան Դեմիրճյանի՞ն, ՀԺԿ վարչության քարտուղարը պատասխանեց՝ այո: Իսկ հարցին` երրորդ տեղում ո՞ւմ կուզենար տեսնել` Արամ Սարգսյանի՞ն, թե՞ Լևոն Զուրաբյանին, պատասխանեց. «Արամ Սարգսյանին»:











































