Լիբանանյան Al-Havаdis ամսագրին տված հարցազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել է. «Այսօր կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, շարունակում են բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է` ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծում ստանալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայաստանի օկուպացիոն ուժերը պետք է դուրս գան գրավյալ տարածքներից, ադրբեջանցի փախստականները և բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները, պետք է վերականգնվեն և բացվեն տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքները և հաղորդակցության միջոցները, իսկ վերջում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի և հայ համայնքները պետք է միասին որոշեն ճակատագիրը Ադրբեջանի կազմում: Ցավոք, հայկական կողմը բանակցությունների սեղանին այսօր կառուցողականություն չի ցուցաբերում և ձգտում է երկարաձգել բանակցությունները ևս մի քանի տարի: Բայց մենք չենք կարող դա թույլ տալ: Ադրբեջանի արդար դիրքորոշմանը աջակցում են աշխարհի մակարդակով, և այդ աջակցության հարցում մեծ դերակատարություն ունեն արաբական պետությունները»: