Սիրիայի իշխանությունները համաձայնություն են տվել ռուսական կողմի առաջարկին՝ Մոսկվայում ընդդիմության հետ խաղաղ բանակցություններ վարելու վերաբերալ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Այդ առիթով տարածված հաղորդագրության մեջ ռուս դիվանագետները հույս են հայտնել, որ ընդդիմությունը նույնպես կտա իր համաձայնությունը՝ ժամանել Մոսկվա Ասադի կառավարության հետ «առանց նախապայմանների ոչ ֆորմալ կապեր» հաստատելու համար:
Թե երբ կսկսվեն բանակցությունները, առայժմ հայտնի չէ. Մոսկվան առաջարկում է դրանք սկսել «երկու կողմերի համար ընդունելի ժամկետներում»:
Սիրիայի գործող վարչակարգն այժմ դիմակայում է տարբեր ընդդիմադիր խմբավորումների, սակայն առավել հեղինակավոր են Սիրիայի ազատ բանակ և Սիրիայի ազգային խորհուրդ միավորումները: Վերջիններս, ըստ ԱԳՆ տեղեկությունների, առայժմ չեն արձագանքել Մոսկվայի առաջարկին: Մինչդեռ Reuters գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարել է, որ ՌԴ-ից Մոսկվայի բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել, իսկ եթե անգամ ստանա, չի մասնակցի:
Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը շարունակվում է 2011 թ. մարտից: Այդ ընթացքում ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն՝ զոհվել է ավելի քան 5000 մարդ:








































